Ես կխնդրեի ուժային մարմիններին շատ կարճ ժամանակում լուծել Աշոտ Դանիելյանի ազատ արձակելու հարցը, քանի որ այդ գործը շինծու է: Այս մասին այսօր՝ փետրվարի 22-ին, լրագրողների հետ զրույցում նշեց Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանը՝ անդրադառնալով իր թիկնազորի աշխատակից Աշոտ Դանիելյանի ձերբակալմանը:
«Մենք բոլորս ականատես ենք եղել դրան: Մեծ հարցեր է առաջացնում նաեւ այդ ձերբակալության օրինաչափությունը: 20 հոգով դիմակավորված քաղաքի կենտրոնում ձերբակալել են անձի, որը կապ ունի Արցախի ղեկավարի հետ, ձերբակալել իրեն նախագահին սպասարկող մեքենայի միջից, ինձ թվում է՝ դրանք մեծ հարցեր են առաջացնում եւ առաջիկայում մենք կստանանք դրանց պատասխանները:
Այս ամենը կապ ունի նրա հետ, որ փորձում են այն ամենը, ինչը կապ ունի Արցախի հետ կափարիչ դնել դրա վրա եւ փակել այդ հարցը: Բայց ինձ թվում է, որ պետք չի գնալ այդ ճանապարհով, պետք է գտնել լուծումներ Արցախի խնդրի, արցախցիների խնդիրների լուծման համար: Իմ կարծիքով, մինչեւ այդ հարցը չստանա արդարացի լուծում, մենք ունենալու ենք այս բաց վերքը, որը միշտ արնահոսելու է»,- հայտարարեց Շահրամանյանը:
Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ ձերբակալվել է Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանի թիկնազորի աշխատակից Աշոտ Դանիելյանը։ Նա կասկածվում է թմրանյութ պահելու եւ իրացնելու մեջ:
Դրանից մեկ օր առաջ նա «Եռաբլուրում» հայհոյել էր 24NEWS.am-ի լրագրողին ու օպերատորին եւ շատերը կարծում են, որ ձերբակալության պատճառներից մեկը դա է: