Search
Close this search box.

Զինվոր է զոհվել, որովհետև…

Զինվոր է զոհվել, որովհետև։ Այս կետում կանգնենք։ “Որովհետևի” պատճառները բազում են։ Մեզանից ամեն մեկը մի 10-20 պատճառ կթվարկի, և կասի, որ դրանցից ոչ մեկն էլ ներկա պահին չի տիրապետվում։ Ոնց դրանք կային զինադադարից հետո, նույնն էլ մնացել են՝ բարձիթողի վիճակ է։
Զինվորին տարել են հողին հանձնելու, եկեղեցականն արգելել է, որովհետև։ Էս կետում էլ կանգնենք։ Այս “որովհետևի” պատճառներն էլ բազում են։ Այս հարցով էլ մեզանից ամեն մեկը մի 10-20 պատճառ կթվարկի և կասի, որ դրանցից ոչ մեկն էլ ներկա պահին չի տիրապետվում։ Ոնց դրանք կային միջին դարերում, նույնն էլ մնացել են՝ բարձիթողի վիճակ է։
Ցանկացած պետական կամ ներհանրային հարց եթե վերցնենք, կտեսնենք, որ այն բարձիթողի, անլուծելի վիճակում է մնացած՝ ծագելու պահից ի վեր։
Տպավորություն է, որ հայկական քաղաքական, պետական, հանրային ու ազգային ժամացույցները կանգնած են։ Կանգնած են՝ թե կանգնեցված, դա էլ այլ խնդիր է։ Ըստ որում, այս խնդրում արդեն միակարծություն չկա։ Մեկը կասի ժամացույցները երեկ են կանգնել, մյուսը կասի գենոցիդից հետո, մյուսը՝ բոլշևիկներից հետո։ Հոռետեսները կասեն՝ “երբ են աշխատել որ”, իշխանավորն ու լավատեսներ էլ կասեն՝ “ոնց թե կանգնած են, բա տիկ տակը չե՞ք լսում, հո խուլ չեք”։
Ինչ որ է՝ անկախ ժամացույցներից, 4-5 օրը մեկ զինվոր է զոհվում, տարեկան 40-50 հազար մարդ է լքում երկիրը, տնտեսությունը անխափան անկում է ապրում, կենսամակարդակն իջնում է, իշխանական դեմագոգիան, աճպարարությունը, սրիկայությունը, տգիտությունն ու կեղծիքն աճում են։
Կենսական խնդիրները վաղուց անլուծելի էին, հիմա արդեն թաղվելու հարցերն են սկսում դառնալ անհաղթահարելի։ Չէ, այն առումով չէ, որ գերեզմաններում բոլոր ներքին ճանապարհներն են “կարևոր” տղերքի մերձավորների գերեզմաններով փակված՝ դա պարզ ու հասկանալի է՝ “դրանց դեմ խաղ չի եղել ու չկա” տրամաբանությունն է։
Իսկ այս դեպքում ես հենց ուղղակի մահացածի՝ մարդկայնորեն թաղվելու իրավունքի մասին եմ խոսում։ Զոհվելով մահացած լինելու փաստը բավարար չէ, պետք է դասավորես, գլուխ բերես ու ապահովես թաղվելդ էլ։
Ես այնքան էլ երիտասարդ չեմ, որ հույսեր ունենամ, թե կյանքում ինչ որ սահմաններ կան։ Իհարկե գիտեմ, որ ոչ մի սահման էլ չկա՝ մանավանդ սադիզմի, դիմացինին հոշոտելու, ոչնչացնելու, անարգելու հարցերում։
Տարիների ընթացքում մեր մեջի արագ “կողմնորոշվող” գողերը, տականքներն ու անամոթները դարձան հարց լուծող։ Արագ “կողմնորոշվող” “թույլիկները” հիմնականում արտագաղթեցին, մնացին վատ “կողմնորոշվողները”, լավատեսները, հույսով ապրողները, անհույսները, յոլա գնացողներն ու հայրենիքին ու հային նվիրվածները։
Ընդունված է համարել, որ նշվածներից ոմանք շատ, ոմանք էլ քիչ մեղավոր էին կատարվածում և կատարվողում։ Այդ խմբերի մարդկանց եթե հարցնես՝ իրենք ոչ մի մեղք էլ չունեն։ Բայց պատահական շարքայինները կասեն, որ հարց լուծող գողերն ու ավազակներն էին մեղավոր՝ եթե իրենք քիչ ագահ լինեին, առավել “հայրենասեր ու մարդասեր”, էսպես չէր լինի։ Այսինքն մեր գողերի չափերից դուրս լինելն է էս դժբախտության արմատը։
Աշխարհից մի քիչ տեղյակները կասեն, եթե մեր ժողովրդի մեջ էլ մի Լի Կվան Յու լիներ, էսպես չէր լինի։ Այսինքն Լի Կվան Յուի չգոյությունն է մեր դժբախտության արմատը։
Ֆատալիստները կասեն, որ եթե մի քանի սկզբնական ճակատագրական ավերիչները չլինեին, էսպես չէր լինի։ Այսինքն ՀՀՇ-ից սերված մի բուռ տղերքն էին չարիքի սկիզբը։
Շատերը կասեն, եթե բոլորով միանային, միլիոնով միտինգվեին, երթվեին, կամ հացադուլվեին, էլի էսպես չէր լինի։ Այսինքն չմիացողներն են “մեղավոր”։
Եվ եթե պուտինին, ալիեվին ու էրդողանին, ղարաբաղցիներին ու դավալեցիներին, ապարանցիներին ու լոռեցիներին, գլոբալիստներին ու կոմունիստներին, ավագ սերնդին ու սիոնիստներին մեղավոր հանողներին էլ ներառենք, մեղադրողների շրջանակը համարյա կամբողջանա։ Իհարկե, տարամետ կարծիքների նման դիապազոնի դեպքում անիմաստ է նույնիսկ ընդհանուր հայտարարի մասին խոսելը։
Այսինքն, ամբողջության մեջ, անկախությունից 27 տարի անց, կատաստրոֆիկ այս անկման պայմաններում էլ, մենք՝ հայաստանցիներս, համակարծիք չենք, թե իրականում ով է մեղավոր երկիրը համակած այս դժբախտությունների համար։
Արևմտյան արժեքայինը մի սկզբունքային տարբերություն ունի մեզանում գերիշխող դրվածքներից։ Նրանք մեղավորին պատժում են դեռ կենդանության օրոք՝ օրենքների, վրեժի, սկզբունքայնության ուժով։ Ըստ որում, ամեն մեկն է աշխատում անձնապես իր վրեժը լուծել։
Մեզանում, կենդանության օրոք ոչ թե պատժում, այլ նույնիսկ մեծարում են։ Ինչքան գող, սրիկա, մարդակեր ու հրեշ, այնքան կողքից նրա պաշտպաններն ու երկրպագուները շատ։ Մարդակերը մահանում է, բայց կողքինները հո դեռ կան, ու շարունակվում է հրեշի մեծարումը, մինչև յուրայիններն էլ իրենց մահկանացուն կնքեն։ Հետագայում արդեն, նայած հանգամանքներին՝ պատմաբանները կամ կասեն ճշմարտությունը, կամ վերջնականապես կթաղեն այն, և պատիժն առհասարակ չի կայանա։ Իսկ անպատիժ հանրությունը, առավել ևս անպատիժ պետությունն իհարկե անհնարին բաներ են։ Եվ այսօր մենք հենց այդ վերջաբանի ականատեսն ենք ազգովի։
Դատարկված երկիրը կա, կործանված տնտեսությունն առկա է, բոլոր հույսերը կտրած հայը տեղում է, տականքը շարունակում է թալանն ու ավերումը, բայց այդ ամենի մեղավորը չկա ու չկա։
Ու ոչ միայն չկա, այլ դեռ հրապարակավ կերպարանափոխվում է, բոլորին ստիպում սեփական անձը տհասի տեղ դնել, հազար տակ ծալվել, ենթարկվել ու համակերպվել։ Որովհետև՞: Այս որովհետևն էլ տասնյակ արժեքային ու հանրային բացատրություններ ունի, բայց բոլորն էլ տրամաբանականից ու մարդկայինից դուրս։
Եթե մեղավորը չկա, էլ ինչ պատիժ։ Ու հենց մեղավորի տրոհումը, նրա բացասումն ու պատժի կատարյալ բացակայութունն է համակարգի հիմքը։ Եթե իրական մեղավորն ու պատիժը չկան, ապա իմիտացիան-տնազը անպայման պետք է լինի։ Դրա համար կա անմեղներին պատժելու իրավականը՝ իր անթափանց դատավորներով ու լավ էլ թափանցիկ դատավորուհիներով։
Փաստացի իրականությունը շատ էլ պարզ բանաձևերով բացահայտելի-բացատրելի է։ Տարբեր որակի իրականությունների հետ հարաբերվելու տեսությունն ու համաշխարհային-պատմական փորձն էլ է հայտնի։ Ուղղակի հայերի դեպքում այն տեխնիկապես է անհնար։
Դե իրոք, ոնց հարաբերվես նման արժեքայինի ու դրանով կյանք մտած համակարգի հետ, որը գերեզմանների ներքին ճանապարհները ևս լցնում է հանգուցյալներով, թքում նախորդ հանգուցյալների ու նրանց բարեկամների ու գերեզմաններ այցելող ողջ ժողովրդի վրա ու հայտարարում, որ իմ հերոսը դեգենեռատն է։ Նա պետք է լինի և իշխանությունում, և կառավարման օղակներում, և դատարանում, և դպրոցում, և թաղում, և փողոցում, և քո կյանքի ամեն դրվագում։ Նա պետք է որոշի քո լինել-չլինելը, այլ ոչ թե դու։
Սրանք լոկ մտքեր չեն՝ հիշենք Շմայսի ու այդ դասի տարբեր երևելիների հոխորտալից թվացող խոստումները ու կհամոզվենք, որ դրանք պատահական չեն եղել երբեք՝ համակարգի ամենակենսական լոզունգներն են դրանք։
Եվ այդ սպառնալից խավարի պայմաններում փորձիր հայ “փրկիչին” հասկացնել, որ իր գործը համակարգի դեմ դոնկիխոտյան ձիով ու սրով գնալը չէ, այլ ուղեղով առաջնորդվելը, հային զուտ հայկական ստրկամտությունից հանելն է։
Ի դեպ, հայ փրկիչն էլ համակարգի անկյունաքարերից է, առանց նրա ևս համակարգը չի կարող կենսունակ լինել։ Որովհետև անփրկիչ հայը կարող է արթնանալ լեթարգիայից և իր շահին անձնապես տեր կանգնել։ Քանի փրկիչը կա, համակարգն անխափան կմնա, իհարկե մինչև ինքնակործանումը։
Վերադառնալով վերնագրին՝ փաստեմ, որ իհարկե բոլորովս ենք մեղավոր, բոլորովս ենք տհաս, բոլորովս ենք համահեղինակ, բոլորովս ենք անճար ու խղճմտանքի արժանի՝ ճիշտ այնպես, ինչպես առողջ մեկը կվերաբերվի ի ծնե անդամալույծին։
Միտքը չէր օգնում, խոսքերը չէին օգնում, հերոսություններն ու փրկիչները չէին օգնում, վերլուծաբանների եզրահանգումները, աշխարհի պատմությունն ու ներկան չեն օգնում։ Դա էլ է ախտորոշում՝ ուղղակի հանրայնորեն չբարձրաձայնվող է։
lragir.am

Please enter a valid URL