«Ադրբեջանը խստորեն դատապարտում է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի կողմից Ադրբեջանին ուղղված անհիմն մեղադրանքներն ու հայտարարությունները, որոնք հնչել են փետրվարի 21-ին Փարիզում Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ համատեղ ասուլիսի ժամանակ»։ Այս մասին ասված է Ադրբեջանի արտաքին գործերի նախարարության հայտարարության մեջ։
Գերատեսչությունը կրկին «պտտել» է հակահայկական և հակաֆրանսիական անհեթեթ ու անհիմն մեղադրանքների հին սկավառակը, այդ թվում նաև՝ «30 տարի օկուպացիայի տակ գտնվելու և Հայաստանի կողմից 8 գյուղ չվերադարձնելու» մասին զառանցանքները։
ԱԳՆ-ն ֆրանսիական կողմին մատնանշում է, որ «անընդունելի է մեղադրել Ադրբեջանին անհամաչափ պատասխանի համար՝ Հայաստանին քննադատելու փոխարեն, որը, առանց որևէ հրահրող գործոնների, խախտել է գրեթե հինգ ամիս տևած կայունությունը, և պետք է դադարեցնել նման կողմնակալ մոտեցումները։ »
Հիշեցնենք, որ նախօրեին Ֆրանսիայում կայացած Փաշինյան-Մակրոն հանդիպման ժամանակ ֆրանսիացի առաջնորդը վերահաստատել է Հայաստանի նկատմամբ Փարիզի շարունակական աջակցությունը, Սյունիքում տեղի ունեցած վերջին բախումները հաշվի առնելով՝ նշել Ադրբեջանի կողմից նոր սադրանքի վտանգի մասին, ինչպես նաև հայտարարել պաշտպանական ոլորտում երկու երկրների համագործակցության մասին։