ՀՀ-ի կողմից հետախուզվող ադրբեջանցի Քամիլ Զեյնալլին Մոսկվայից վերադարձել է Բաքու: Այս մասին հայտնում են տեղի լրատվամիջոցները:
Մոսկվայում մի քանի ժամով ձերբակալված ադրբեջանցուն երկրի օդանավակայաններից մեկում դիմավորել են ընտանիքի անդամները, ինչպես նաև լրատվամիջոցների ներկայացուցիչներ։
Հաղորդվում է, որ Քամիլ Զեյնալլին 44-օրյա պատերազմի ժամանակ Արցախում տարեց բնակչի է գլխատել:
Հիշեցնենք` Զեյնալլին ձերբակալվել էր երեկ Մոսկվայի «Դոմոդեդովո» օդանավակայանում՝ Բաքու վերադառնալիս։ Ձերբակալության ժամանակ նա ուղիղ եթերով պատմել էր, որ իրեն են մոտեցել ոստիկանները, հայտնել, որ Հայաստանն իր նկատմամբ միջազգային հետախուզում է հայտարարել դեռ անցած տարվա մայիսից, և որ նա պետք է Ռուսաստանում կանգնի դատարանի առջև։
Ձերբակալությունից մի քանի ժամ անց, սակայն, նրա փաստաբանը լրատվամիջոցներին հայտնել է, որ բլոգերն ազատ է արձակվել։