Search
Close this search box.

Կ․ Պոլսի Հայոց Պատրիարքը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում է․ նա մասնակցելու է Գերագույն հոգևոր խորհրդի ժողովին

Փետրվարի 20-ին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին ժամանեց Կ․ Պոլսի Հայոց Պատրիարք Ամենապատիվ Տ․ Սահակ արքեպիսկոպոս Մաշալյանը։ Այս մասին հայտնում են Մայր Աթոռի տեղեկատվական համակարգից։

Այս առիթով Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի միաբանները Կ․ Պոլսի Հայոց Պատրիարքին թափորով առաջնորդեցին Ս․ Հովհաննես Մկրտիչ և Ս․ Վարդան մատուռ–մկրտարան, ուր, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի լուսարարապետ Գերաշնորհ Տ․ Մուշեղ եպիսկոպոս Բաբայանի հանդիսապետությամբ, կատարվեց «Հրաշափառի» արարողություն։

Մուշեղ Սրբազանը Մայր Աթոռի միաբանության անունից ողջունեց և բարի գալուստ մաղթեց Սահակ Պատրիարքին։

Այնուհետև Պոլսո Հայոց Պատրիարքն իր օրհնությունն ու բարեմաղթանքները բերեց Սուրբ Էջմիածնի միաբանությանը՝ գոհություն վերառաքելով առ Աստված, որ Տիրոջ օրհնությամբ վերստին գտնվում է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում։

Ամենապատիվ Սահակ Պատրիարքը նաև իր մասնակցությունը կբերի Մայր Աթոռում գումարվելիք Գերագույն հոգևոր խորհրդի ժողովին:

Please enter a valid URL