Search
Close this search box.

Նավալնիի մարմինն առնվազն երկու շաբաթ չի հանձնվի նրա հարազատներին

Ռուսական բանտում մահացած Պուտինի խիստ քննադատ Ալեքսեյ Նավալնիի մարմինն առնվազն երկու շաբաթ չի հանձնվի նրա հարազատներին, հաղորդում է «Ազատության» ռուսական ծառայությունը՝ վկայակոչելով քաղաքական գործչի մամուլի քարտուղար Կիրա Յարմիշին։

Ըստ Յարմիշի՝ քննիչները Նավալնիի մորն ու փաստաբաններին ասել են, որ այդքան ժամանակ կպահանջվի ինչ-որ «քիմիական փորձաքննության» համար։

Փետրվարի 16-ին դաշնային քրեակատարողական ծառայությունը հայտնել է, որ Նավալնին մահացել է Յամալ-Նենեցյան ինքնավար շրջանի Խարպ գյուղի տարածքում տեղակայված հատուկ ռեժիմի գաղութում՝զբոսանքից հետո։ Մահվան պատճառը դեռևս հայտնի չէ։ Նրա մարմինը հարազատներին չեն տալիս՝ վկայակոչելով Քննչական կոմիտեի կատարած հետաքննությունը։ Ընդդիմադիրի համախոհները կարծում են, որ նա սպանվել է, իսկ իշխանությունները փորձում են թաքցնել հանցագործության հետքերը։

Լյուդմիլա Նավալնայան, որդու մահվան լուրից հետո, ասել է, որ մի քանի օր առաջ է այցելել Նավալնիին, նա իրեն լավ էր զգացում, չի բողոքել առողջությունից։

Որ Նավալնիի առողջական վիճակը լավ էր, հաստատել են նաև Վլադիմիրի շրջանային դատարանում, որտեղ փետրվարի 15-ին քաղաքական գործիչը խոսել է տեսակապի միջոցով։ Մահվանից մի քանի օր առաջ ընդդիմադիր գործչին 27-րդ անգամ ուղարկել էին պատժախուց։

Please enter a valid URL