ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալությունը (USAID) լրացուցիչ 5 մլն դոլար (ընդհանուր $15,7 մլն) կհատկացնի Երևանին՝ «Հայաստանի էներգետիկ հատվածի անվտանգությունն ապահովելու և Հայաստանի կախվածությունը ռուսական և իրանական բնական գազից նվազեցնելու համար»։ Այս մասին փաստաթղթում նշվում է, որ Ռուսաստանը կարող է օգտագործել տնտեսական լծակներ Հայաստանում իրավիճակը ապակայունացնելու համար: «Հայաստանի և ԱՄՆ-ի կառավարությունները լուրջ մտավախություններ ունեն, որ Ռուսաստանը կարող է օգտագործել աշխարհատնտեսական լծակները էներգետիկ ոլորտում, ներառյալ բնական գազի մատակարարումը, որպեսզի Հայաստանին դուրս մղի իր ուղուց՝ վտանգելով կայունությունը տարածաշրջանի մնացած ժողովրդավարական երկրներում», — հայտնել են ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալությունում:
Փաստացի, ԱՄՆ-ն դրդում է Հայաստանին գնալ մի քայլի, որից, ինչպես ցույց տվեց ժամանակը, զգալիորեն տուժեց Եվրոպան՝ փորձելով նվազեցնել էներգետիկ կախվածությունը ՌԴ-ից, ռուս-ուկրաիանական պատերազմի ֆոնին: ԵՄ մի շարք երկրներ ճանապարհի կեսից հետ կանգնեցին իրենց ազգային շահերին և տնտեսությանը սպառնացող այդ անհաշվենկատ քայլից: Չնայած 2022 թվականի վերջին — 2023 թվականի սկզբին Եվրամիությունը էմբարգո է հաստատել ռուսական նավթի և նավթամթերքի ներմուծման նկատմամբ, ռուսական խողովակաշարով գազի և հեղուկացված բնական գազի մատակարարումների վրա սահմանափակումները չեն ազդել։ 2023 թվականի եվրոպական վիճակագրության վերլուծությունը ցույց է տալիս, որ ԵՄ-ն շարունակում է Ռուսաստանից ներմուծել նավթ, նավթամթերք և բնական գազ (ընդհանուր՝ 29,1 մլրդ եվրոյի չափ), ինչպես նաև սև մետաղներ, նիկել, ալյումին, պլատինի խմբի մետաղներ, պարարտանյութեր և անօրգանական քիմիական արտադրանք (ներառյալ՝ միջուկային վառելիք, ամոնիակ և այլն):
Պաշտոնական տվյալներով՝ Հայաստանն իր էներգետիկ ամբողջ պահանջարկի (առաջնային էներգապաշարներ՝ գազ, էլեկտրաէներգիա, նավթ, նավթամթերք) առավելագույնը 33.7%-ն է կարողանում բավարարել էներգիայի ներքին արտադրությամբ։ Ներքին ռեսուրսներ ասելով՝ պետք է հասկանալ հիմնականում հիդրոէներգիան, միջուկային էներգիան և փոքր չափով էլ՝ վերականգնվող (արևային) էներգիան։ Գազն ու նավթամթերքը ամբողջությամբ ներկրվում են։ Ներկրվող նավթն ու գազն ապահովել են Հայաստանի էներգետիկ պահանջարկի 77.1%-ը։ Հետևաբար, անգամ եթե ատոմակայանը համարում ենք սեփական ռեսուրս, ստացվում է, որ Հայաստանի ընդհանուր էներգետիկ համակարգը առնվազն 77.1%-ով կախված է արտաքին աշխահիցՙ, իսկ ավելի կոնկրետ՝ ՌԴ-ից: Ակնհայտ է, որ ԱՄՆ-ն մղում է Հայաստանին մի քայլի, որն ամբողջությամբ տեղավորվում է ՌԴ-ին Հարավային Կովկասից դուրս մղելու ծրագրի տրամաբանության մեջ, այս անգամ՝ տարածաշրջանի էներգետիկ դաշտից: Ակնհայտ է նաև, այն որ այս քայլն ուղղակիորեն հարվածելու է ՀՀ տնտեսական և ազգային շահերին՝ երկրը տանելով էներգետիկ շրջափակման: ԵՄ փորձը ցույց է տալիս, որ անգամ արևմտյան տերություններն ի վիճակի չեղան դիվերսիֆիկացնել էներգետիկ ոլորտը և գտնել այլընտրանք ռուսական էներգակիրներին: Սակայն, օգտվելով ՀՀ իշխանությունների պատեհապաշտ արտաքին քաղաքականությունից՝ այժմ ՌԴ-ին փորձում են հարվածել ՀՀ և հայ ժողովրդի կենսական շահերի հաշվին: