Մինչ Ադրբեջանն այս օրերին Խոջալուում տեղի ունեցած դեպքերը աղավաղված փաստերի հիման վրա փորձում է ներկայացնել որպես այսպես կոչված «հայերի կողմից իրականացված ցեղասպանություն», իրանական լրատվամիջոցներից մեկը հետաքրքիր հոդված է ներկայացրել, որը հերքում է ալիևների առաջ քաշած քարոզչական թեզերը:
Այսպիսով՝ Արդաբիլ նահանգում Իրանի հոգևոր առաջնորդի ներկայացուցիչ այաթոլլա Սեյյեդ Հասան Ամելին իր ելույթներից մեկում, անդրադառնալով Խոջալուի դեպքերին, ասել է. «Առկա փաստերի համաձայն՝ Խոջալուի դեպքերի պատասխանատուներն ու ծրագրավորողներն այն ժամանակ Ադրբեջանում գործող ազգայնական և հակաիրանական ուժերն էին, որոնք Այազ Մութալիբովին պաշտոնանկ անելու համար հող էին նախապատրաստում, որից հետո իշխանության պետք է գար պանթյուրքիստական գաղափարախոսություն կրող Աբուլֆազլ Էլչիբեյը»:
Այաթոլլահ Ամելին համոզմունք է հայտնել, որ Խոջալուում շիա ադրբեջանցիներին սպանելու գործում առանցաքային դերակատարություն է կատարել նաև Թուրքիայում գործող «Էրգենեկոն» կազմակերպությունը, որին անդամակցում էին թուրք բարձրաստիճան զինվորականներ և ազգայնական գործիչներ:
«Ցավալի է, որ այն մարդիկ, որոնք ժամանակին մասնակցություն են ունեցել Խոջալուն շրջափակելուն և սպանություններին, այսօր Ադրբեջանի խորհրդարանում են, կամ էլ այլ բարձր պաշտոններ են զբաղեցնում»,-հայտարարել է իրանցի բարձրաստիճան հոգևորականը:
Արմեն Իսրայելյանի ֆեյսբուքյան էջից