Search
Close this search box.

ՊԵԿ պարզաբանումը օտարերկրյա պետություններում ՀՀ ռեզիդենտ ֆիզիկական անձանց ստացած հարկվող եկամտից եկամտային հարկը վճարելու վերաբերյալ

Օտարերկրյա պետություններում ՀՀ ռեզիդենտ ֆիզիկական անձանց ստացած հարկվող եկամտից եկամտային հարկը վճարելու վերաբերյալ
ՀՀ պետական եկամուտների կոմիտեն, հաշվի առնելով «արտագնա աշխատանքի մեկնած հայաստանցիներին հարկելու» թեմայով լրատվամիջոցներում և սոցիալական ցանցերում տարածվող հրապարակումները, անհրաժեշտ է համարում հայտնել, որ օտարերկրյա պետություններում ՀՀ ռեզիդենտ ֆիզիկական անձանց ստացած հարկվող եկամտից եկամտային հարկը վճարելու վերաբերյալ կարգավորումները նոր չեն: Այս մասին armlife.am-ին տեղեկացնում են ՀՀ ՊԵԿ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից․

Մասնավորապես, Հայաստանի Հանրապետությունում և օտարերկրյա պետություններում հարկվող` եկամուտ ստացած ՀՀ ռեզիդենտ ֆիզիկական անձինք, ՀՀ օրենսդրության համաձայն, պարտավոր են հաշվարկել և վճարել եկամտային հարկ` սահմանված դրույքաչափերով: Ստացված եկամուտներից հաշվարկված եկամտային հարկի գումարները նվազեցվում են ֆիզիկական անձանց կողմից օտարերկրյա պետություններում վճարված հարկի գումարի չափով, ինչը չպետք է գերազանցի Հայաստանում հաշվարկվող եկամտային հարկի գումարները: Իսկ, եթե Հայաստանում առաջանում է վճարման ենթակա եկամտային հարկ, ապա նրանք պարտավոր են ինքնուրույն հաշվարկել այն և մինչև հաշվետու տարվան հաջորդող տարվա մայիսի 1-ը, բա¬ցա¬ռա¬պես էլեկ¬տրո¬¬նա¬¬յին եղա¬նակով, հարկային մար¬մին ներ¬կա¬յացնել եկամտային հարկի տարեկան հաշվարկ:

Միաժամանակ, տեղեկացնում ենք, որ «Անկախ պետությունների համագործակցության մասնակից պետությունների միջև հարկային օրենսդրության պահպանման և այդ բնագավառում խախտումների դեմ պայքարի հարցերով համագործակցության ու փոխադարձ օգնության մասին» 1999 թվականի հունիսի 4-ի համաձայնագրի մասնակից պետությունների կառավարությունները Աստանա քաղաքում 2018 թվականի նոյեմբերի 2-ին կնքել են «Հարկային վարչարարություն իրականացնելու նպատակով ԱՊՀ մասնակից պետությունների միջև էլեկտրոնային եղանակով տեղեկություն փոխանակելու մասին» արձանագրությունը, որը Հայաստանի Հանրապետությունում վավերացվել է 2020թ. փետրվարի 12-ին: Նշված արձանագրության շրջանակում հարկային մարմինը ստացել է տեղեկատվություն` ԱՊՀ անդամ պետություններում ֆիզիկական անձանց ստացած եկամուտների մասով:

Հաշվի առնելով վերոգրյալը՝ ՊԵԿ-ը, օրենսդրությամբ սահմանված կարգով, ծանուցումներ է ուղարկել ՀՀ հարկային օրենսդրության համաձայն հարկեր հաշվարկելու և վճարելու պարտականություն ունեցող քաղաքացիներին՝ զերծ մնալով կոշտ վարչարարությունից: Միաժամանակ, Կոմիտեն պատրաստակամություն է հայտնում, մեղմ վարչարարության շրջանակում, թեմայի շուրջ քննարկումներ ծավալել հարկային օրենսդրության կարգավորումների մասով:

Please enter a valid URL