Չնայած տարբեր ժամանակներում տարբեր հարցերի շուրջ Վահան Քերոբյանի հետ ունեցել ենք տարբեր կարծիքներ, ընդհուպ՝ հրապարակային թեժ բանավեճեր, այդուհանդերձ, նրան համարում եմ Հայաստանի էկոնոմիկայի ամենաարդյունավետ նախարարներից մեկը: Միշտ ասել եմ, որ նա տարբերվում է համարձակ մոտեցումներով, նախաձեռնողականությամբ, իր կարծիքն անկաշկանդ արտահայտելու և իր գաղափարների համար «կռիվ տալու» հատկությամբ, սկզբունքայնությամբ և զարմանալի աշխատասիրությամբ:
Ու չնայած նշածս որոշ հարցերում տարբեր կարծիքներին՝ Վահանի հետ շատ արդյունավետ աշխատել ենք բազում նախագծերի շուրջ, որոնք նպաստել են մեր տնտեսական աճին, ներդրումների ներգրավմանը, մեր երկրի բիզնես միջավայրի բարելավմանը և ճանաչելիության բարձրացմանը:
Այս մասին ասել եմ թե՛ գործընկերներիս հետ մասնավոր զրույցներում, թե՛ հրապարակային՝ տարբեր հարցազրույցներում: Սակայն որոշ ԶԼՄ-ներ հանկարծ հիշել են իմ և Քերոբյանի տարաձայնությունների մասին, իսկ որոշ մարդիկ չարախնդում կամ ծաղրում են նրա 3 տարվա աշխատանքը: Ինչ-որ իմաստով այս գրառումս կարող եք դիտարկել նաև որպես արձագանք և հիշեցում:
Վահանը մեր թիմին միացել է ամենածանր ու բարդ շրջանում, երբ անգամ հին թիմակիցներից ոմանք դժվար պահին հեռացան, և այս 3 տարիների ընթացքում շատ բան է արել մեր երկրի համար:
Իսկ հարուցված քրեական գործի մասին կարծիք չեմ հայտնում և չեմ հայտնի. դա իմ իրավասություններից դուրս է՝ պրոցես է ընթանում, ավարտվելուց հետո ամեն ինչ պարզ կլինի:
Բաբկեն Թունյան
ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր