Եթե հիշում եք, շաբաթներ առաջ ես ասացի, որ խաղաղության պայմանագիրը եթե ստորագրվի, լինելու է կրկնակապիտուլյացիա: Այս մասին այսօր՝ փետրվարի 16-ին, դատարանի դիմաց լրագրողների հետ զրույցում նշեց ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը՝ անդրադառնալով Ներքին Հանդի հատվածում 2 օր առաջ տեղի ունեցած սադրանքին:
«Ինչպես տեսնում ենք նաեւ այդ ընթացքում Ադրբեջանի խոսույթը նոր որակումներ է ձեռք բերել: Այդ խոսույթը ձեռք է բերել հրահանգների, ցուցումների տեսք:
Ես չեմ բացառում, որ Ներքին Հանդի իրադարձությունները ունենան կրկնություններ, միգուցե տարբեր այլ հատվածներում, որովհետեւ երեկ էլ մի թեթեւ անոնս լսեցինք կառավարության նիստում, եւ այդ ճնշումների արդյունքում էլի ինչ-որ բաներ կհանձնվեն եւ այսպես շարունակ, մինչեւ այստեղ հավաքված բոլորս, մեր քաղաքական դաշտը եւ առաջին հերթին մեր ժողովուրդը, գոնե այն հատվածը, որն անտարբեր չի իր հայրենիքի ապագայի հանդեպ, ուղղակի այս իշխանություններին ուղարկեն տուն»,-ասաց նա: