Էկոնոմիկայի` արդեն իսկ նախկին նախարար Վահան Քերոբյանը դեռևս գտնվում է Քննչական կոմիտեում։ Ըստ որոշ տեղեկությունների, քննչական մարմինները ցանկանում են նրան կալանավորելու միջնորդություն ներկայացնել։ Ինչպես «24Նյուզ»-ին հայտնել է Քերոբյանի պաշտպան Տիգրան Եգորյանը, հարցաքննությունը կավարտվի մոտավորապես 21:00-ին։ «Այլ մանրամասներ չեմ կարող ասել: Մինչև վստահորդիս հետ չզրուցեմ, թե ինչ քանակի ինֆորմացիա է անհրաժեշտ մամուլին տրամադրելու համար, ոչինչ չեմ կարող ասել»,- հավելել նա։
Հիշեցնենք, որ Քերոբյանի հրաժարականին նախորդել էին Էկոնոմիկայի նախարարությունում և «Սիներջի» ընկերությունում խուզարկություններ, որից հետո ձերբակալվել էին Էկոնոմիկայի փոխնախարար Անի Իսպիրյանը, «Սիներջի» ընկերության ղեկավար Աշոտ Հովհանեսյանը, ինչպես նաև նույն ընկերության ծրագրերի նախկին ղեկավար, ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի եղբոր կին Անի Գևորգյանն ու նախարարության բաժնի պետ Լիլի Մկրյանը։