Դեռ մեկուկես ամիս առաջ Ադրբեջանի հետ խաղաղությունը շատ մոտ համարող Հայաստանի իշխանությունն այսօր չբացառեց, որ Ադրբեջանը կարող է ՀՀ-ի դեմ նաև պատերազմ սկսել:
«Ադրբեջանը շարունակում է վարել՝ «այն, ինչ ուզում եմ, տվեք ինձ բանակցային եղանակով, հակառակ դեպքում, ես դա կվերցնեմ պատերազմով» քաղաքականությունը», — նշեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
Կառավարության նիստի սկզբում Փաշինյանը հայտարարեց՝ Ադրբեջանի ռազմական հարկադրանքի քաղաքականությունը չի փոխվել։
Չորս հայ դիրքապահի կյանք խլած սահմանային միջադեպից հետո առաջին հրապարակային ելույթում վարչապետն ասաց, թե Ադրբեջանը խոսում է 4 գյուղերի տարածքների մասին, միևնույն ժամանակ հրաժարվում ընդունել, որ ադրբեջանական օկուպացիայի տակ են գտնվում Հայաստանի 31 ոչ անկլավային գյուղերի տարածքներ։
«Մենք ասում ենք՝ որպեսզի զորքերն իրենց այսօրվա դիրքերից ետ գնան, դրա համար անհրաժեշտ է քարտեզի և գետնի վրա վերարտադրել Հայաստան-Ադրբեջան սահմանը և երկու երկրի զորքերը ետ քաշել այդ սահմանի գծի նկատմամբ։ Սահմանի վերարտադրությունից հետո, եթե պարզվի, որ այդ գծից առաջ զորքեր կան, երկուստեք պետք է ետ քաշվեն։ Պաշտոնական Բաքուն փորձում է այս իրադրությունը ձևակերպել այնպես, որ ադրբեջանական զորքերը Հայաստանի 31 գյուղերի տարածքներից որևէ կերպ հետ չգնան», — ընդգծեց Հայաստանի կառավարության ղեկավարը: