Քննչական կոմիտեն կատարվող քննչական գործողությունների և ներգրավված անձանց ինքնության վերաբերյալ տվյալներ այս պահին չի հրապարակում։
Այս մասին «Արմենպրես»-ին ասել է քննչական կոմիտեի մամուլի քարտուղար Գոռ Աբրահամյանը՝ մեկնաբանելով տեղեկությունները, որ Էկոնոմիկայի նախկին նախարար Վահան Քերոբյանը քննչական կոմիտեում հարցաքննվել է։
«Կատարվող քննչական գործողությունների և անձանց մասնակցության, անձանց ինքնության վերաբերյալ տվյալները այս պահին հրապարակման ենթակա չեն»,- ասել է Գոռ Աբրահամյանը։
Լրատվամիջոցներում տեղեկություններ են տարածվել, որ Վահան Քերոբյանը, որը փետրվարի 14-ին ազատվել էր աշխատանքից, քննչական կոմիտեում հարցաքննվել է։ Քերոբյանը «Ֆեյսբուք»-ի իր էջում կատարած գրառմամբ անձամբ էր հայտնել, որ թողնում է էկոնոմիկայի նախարարի պաշտոնը։
Երկու շաբաթ առաջ քննչական կոմիտեն հայտարարեց առերևույթ կոռուպցիոն բացահայտումների մասին, որոնցում ներգրավված լինելու մեջ կասկածվում են էկոնոմիկայի նախարարության տարբեր պաշտոնյաներ, այդ թվում՝ քննչական կոմիտեի հրապարակման օրն աշխատանքից ազատված փոխնախարար Անի Իսպիրյանը։ Քննչական կոմիտեում հարուցված երկու վարույթների շրջանակներում Անի Իսպիրյանն այս պահին տնային կալանքի տակ է, նախարարության մի խումբ պաշտոնյաներ՝ կալանավորված։
Վահան Քերոբյանը հրապարակավ դժգոհություն էր հայտնել քննչական գործողությունների հետ կապված՝ նշելով, որ ձերբակալությունների և կալանավորումների պատճառով նախարարության աշխատանքը պարալիզացվել է։