Կառավարության նիստի ժամանակ վարչապետն անդրադարձել է Ներքին Հանդի ուղղությամբ ադրբեջանական զինուժի կրակոցներին, որի հետևանքով հայկական կողմն ունեցավ 4 զոհ. «Տեղի ունեցածն Ադրբեջանի ապակառուցողական քաղաքականության հերթական դրսևորումն է: Փետրվարի 12-ին ադրբեջանական լրատվամիջոցները տեղեկատվություն տարածեցին, թե սահմանի՝ վերը հիշատակված հատվածում ՀՀ դիրքապահների կողմից կրակ է արձակվել ու վիրավորում է ստացել Ադրբեջանի ԶՈՒ զինծառայող: Այս հայտարարությունից հետո ՀՀ ՌՈ-ն հայտարարություն տարածեց, թե դեպքի հետաքննություն է սկսել, քանի որ ՊՆ-ից կողմից հստակ հրաման կա՝ հրադադարի ռեժիմի խախտումներ թույլ չտալ, սադրանքների չտրվել ու հետևաբար, եթե պարզվի՝ հրամանը խախտելու դեպք կա, կլինեն իրավական հետևանքներ: Չնայած սրան, հաջորդ առավոտյան Ադրբեջանը զանգվածային կրակ է բացել վերը հիշատակված դիրքերի ուղղությամբ, որի հետևանքով ունեցանք 4 զոհ: Իրադարձությունների նկարագրությունը ցույց է տալիս, որ Ադրբեջանի մտադրությունները շարունակում են մնալ նույնը՝ ռազմական հարկադրանքի քաղաքականություն վարել ՀՀ-ի նկատմամբ: Մեր տպավորությունն այն է, որ Ադրբեջանը որևէ հետաքրքրություն չի ցուցաբերում սահմանային կայունության ու անվտանգության ապահովման հարցում»,- ասել է Նիկոլ Փաշինյանը: