Վարչապետ Փաշինյանի առաջարկությամբ պաշտոնից ազատվել է Գլխավոր շտաբի պետի առաջին տեղակալ Կամո Քոչունցը։ Ընդ որում, Փաշինյանն այս որոշումը կայացրեց երեկ Ներքին Հանդում հայկական դիրքերի վրա ադրբեջանական զորքի հարձակման և 4 զոհերի ողբերգական իրադարձությունից հետո։
Պարզ չէ՝ արդյոք այս որոշումը կապի ունի՞ սահմանային լարվածության հետ, թե՞՝ ոչ, պաշտոնական մեկնաբանություն ռազմական գերատեսչությունից դեռ չի հնչել։
Ավելի քան 30 տարի զինված ուժերում տարբեր պաշտոններ զբաղեցրած 61-ամյա գեներալ-լեյտենանտ Կամո Քոչունցին Գլխավոր շտաբի պետի տեղակալի պաշտոնում կփոխարինի 46-ամյա Արթուր Երոյանը։ Անցած երեք տարիներին Երոյանը ղեկավարել է Վազգեն Սարգսյանի անվան Ռազմական ակադեմիան՝ մինչ այդ զբաղեցնելով մի շարք հրամանատարական պաշտոններ։
«Ես շատ լավ եմ ճանաչում Քոչունցին, առաջին պատերազմից մենք իրար հետ ենք եղել։ Քոչունցը արդեն տարիքային խնդիր ուներ, հիմնականում տարիքային խնդիրը պիտի լինի որ իրեն ազատել են», — «Ազատության» հետ զրույցում ասաց Ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր, պաշտպանության նախկին նախարար Գագիկ Մելքոնյանը։
Խորհրդարանի պաշտպանության հանձնաժողովում պնդում են՝ Քոչունցի պաշտոնանկությունը կապ չունի Ներքին Հանդում տեղի ունեցած ռազմական գործողությունների հետ։ Պաշտպանության հանձնաժողովի անդամ Գագիկ Մելքոնյանի պնդմամբ՝ կադրային այս փոփոխությունը բանակում տեղի ունեցող բարեփոխումների շրջանակում է։
«Չէ, ես չեմ կապում էս գործողությունների հետ, որովհետև, նորից եմ ասում, Գլխավոր շտաբում դեռ շատ փոփոխություններ կլինեն, և արդեն հասկանալի է, որ մենք գնում ենք նոր տեխնիկա, և փոխելու ենք մեր նախկին կառավարման ձևը։ Կառավարման ձևը փոխվելու է», — նշեց Մելքոնյանը։
Նախկին փոխնախարար Գագիկ Մելքոնյանը, ով նաև Երկրապահ կամավորական միության անդամ է, սպասում է Ռազմական ոստիկանության ծառայողական քննության արդյունքներին, որպեսզի հասկանա՝ ինչ է տեղի ունեցել փետրվարի 12-ին Ներքին Հանդի դիրքերում, եթե կամավորներն առաջինն են կրակել, ինչպես պնդում են ադրբեջանցիները, որն է եղել պատճառը։
Ավելի վաղ տարածած հաղորդագրության մեջ Հայաստանի ռազմական ոստիկանությունը տեղեկացրել էր, թե նախնական տեղեկություններով՝ կրակ բացելու իրավիճակ չի եղել։
«Չկա էտենց հասկացողություն՝ անիմաստ կրակել, էտենց բան չի կարող լինի, որ դու դնես ու քո համար կրակես։ Ինչի՞ ես կրակում՝ ուրեմն մի բան ինքը զգացել է, մի բան տեսել է, որ կրակել է, ինչ-որ մի առաջխաղացում, կամ ինչ-որ մի բան նկատում է դիրքապահը, որ կրակում է։ Բա էսքան ժամանակ, ամիսներով ինչի՞ կրակոց չի եղել», — ընդգծեց իշխանական պատգամավորը։