Երեկ՝ փետրվարի 13-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Շիրակի մարզում։ Ժամը 17։25-ի սահմաններում «Գյումրու» բժշկական կենտրոնից ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Շիրակի մարզային վարչության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ ստացվել, որ պարեկային ծառայության ավտոմեքենայով իրենց մոտ է տեղափոխվել մի քաղաքացի։
Shamshyan.com-ի փոխանցմամբ՝ հիվանդանոց է մեկնել ոստիկանության Անիի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Խաչատուր Պետրոսյանի գլխավորությամբ։Ժամանել են նաև ՀՀ ՆԳՆ ոստիկանության Պարեկային ծառայության Շիրակի մարզի գումարտակի պարեկները՝ գումարտակի հրամանատար Կարեն Կուրեղյանի, գումարտակի հրամանատարի տեղակալ Վանիկ Սաղոյանի և գումարտակի ծառայության ավագ տեսուչ Աղասի Խաչատրյանի գլխավորությամբ։
Արդեն տեղում բժիշկները հայտնել են, որ վիրավորը վերակենդանացման բաժանմունքում մահացել է։Ֆոտոլրագրողի տեղեկություններով ՊԾ Շիրակի մարզի գումարտակի պարեկները ծառայություն կատարելիս են եղել, երբ Շիրակավան գյուղի մոտ նրանց են մոտեցել մի քանի քաղաքացի և հայտնել, որ Opel-ի վարորդի ինքնազգացողությունը ավտոմեքենան վարելիս վատացել է, ով դուրս է եկել երթևեկելի գոտուց և հայտնվել դաշտում։
Պարեկները քաղաքացիների օգնությամբ տղամարդուն տեղափոխում են պարեկային ծառայության ծառայողական ավտոմեքենան և նրան շտապ տեղափոխում են «Գյումրու» բժշկական կենտրոն։Հիվանդանոցում բժիշկները հայտնում են, որ նրա վիճակը ծայրահեղ ծանր է և որոշ ժամանակ անց նա մահանում է։Դեպքի փաստով Հայաստանի Քննչական կոմիտեի Շիրակի մարզային քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ։Ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ մահացածը Արագածոտնի մարզի գյուղերից մեկի բնակիչ 63-ամյա Էդիկ Ս․-ն է։
Ավտոմեքենան քննիչի հանձնարարականով տեղափոխվել է ոստիկանության Անիի բաժնի պահպանվող հատուկ տարածք։