Քաղաքական մեկնաբան Հակոբ Բադալյանի ֆեյսբուքյան իր էջում գրում է.
Նախօրեին եղավ մի ուշագրավ հաղորդագրություն, որը հասկանալիորեն մնաց այն ծանր տեղեկությունների ստվերում, որ ստացվեցին սահմանից:
Հայաստանում Մեծ Բրիտանիայի փոխդեսպանը այցելել է Քննչական կոմիտե և հանդիպել կոմիտեի նախագահի տեղակալի հետ:
Ուրեմն, հատկանշական է, թե հանդիպման բովանդակային մասի առնչությամբ ինչն է նշել բրիտանական կողմը. «Պարոն Մորիսը ողջունել է Քննչական կոմիտեի համագործակցության պատրաստակամությունը՝ նշելով, որ կարևորում է քրեական վարույթների շրջանակում երկու երկրների քաղաքացիների իրավունքների պաշտպանության առավել բարձր երաշխիքների ստեղծումը և հանցավորության դեմ պայքարի խթանումը»:
Այսքանը, որ Բրիտանիայի դեսպանատան ֆեյսբուքյան էջի հաղորդագրությունում: Սա հիմք է տալիս առնվազն ենթադրելու, որ այցը պայմանավորված է եղել շատ կոնկրետ անձանց «թեմայով»: Իսկ հաշվի առնելով այն, որ այցը տեղի է ունենում մի ժամանակահատվածում, երբ Քննչական կոմիտեի «շուրջ» ուշադրությունը կենտրոնացած է կոռուպցիայի թեմայով հայտնի գործով, որն ընդգրկում է «պետություն-մասնավոր» շրջանակ, առնվազն հարց է առաջանում, թե արդյո՞ք հենց այդ գործով շոշափվում են նաև Բրիտանիայի քաղաքացիների «շահեր»: