Տասնյակ քաղաքացիներ ահազանգում են, որ սննդային ծանր թունավորում են ստացել Juli’s սրճարանում սնվելուց հետո: Այս մասին գրում է «Հետք»–ը՝ վկայակոչելով սրճարանից օգտված քաղաքացիներին:
Լրատվամիջոցը գրել է, որ բոլորը Juli’s սրճարանում կերել են սաղմոնով բենեդիկտ, ինչից հետո նրանց ինքնազգացողությունը կտրուկ վատացել է:
«Թունավորվածներից որոշները սուր թունավորման պատճառով տեղափոխվել են հիվանդանոց և ստացիոնար բուժում են ստացել: Թունավորված բոլոր քաղաքացիների մոտ գանգատները նույնն են եղել՝ բարձր ջերմություն, սրտխառնոց, փսխումներ, սուր փորացավ, լուծ: «Հետք»-ը կարողացել է հաստատել, որ կա առնվազն 20 թունավորված մարդ: Անալիզներ հանձնած որոշ քաղաքացիների մոտ ախտորոշվել է սալմոնելոզ»,– գրում է լրատվամիջոցը:
«Մեզանից առաջ հիվանդանոցում կար ևս երկու հոգի, որ նույն սրճարանում պատվիրել էին նույն բանը, մեզանից հետո էլ երկու կին բերեցին, նույն իրավիճակում։ Գիտեք՝ հիվանդանոցում բժիշկը երբ իմանում էր, որ Juli’s սրճարանում սնվելուց հետո են թունավորվել, կատակով ասում էր՝ թողեք գուշակեմ, սաղմոնով բենեդիկտ եք կերել»,- լրատվամիջոցին պատմել է Աուրիկան։
ՍԱՏՄ–ից լրատվամիջոցին հայտնել են, որ թւնավորումների մասին ահազանգը ստացել են Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնից (ՀՎԿԱԿ) ուրբաթ օրը՝ փետրվարի 9-ին։
Լաբորատոր փորձաքննության ուղարկել են ձուն, ձուկը և սաղմոնով բենեդիկտի նմուշներ։ Փորձաքննության արդյունքները պատրաստ կլինեն փետրվարի 14-ին։
ՀՎԿԱԿ-ից «Հետք»-ին հայտնել են, որ ինֆեկցիոն հիվանդանոց դիմել է 6 հոգի, անալիզներից հետո բոլորի մոտ հաստատվել է սալմոնելոզ։ Քաղաքացիներից 4-ը դիմել են փետրվարի 8-ին, 2 հոգին՝ ամսի 9-ին։
«Մեր տեղեկություններով՝ բացի ինֆեկցիոն հիվանդանոցից, թունավորված մարդիկ բուժում են ստացել նաև այլ հիվանդանոցներում։ Ըստ էության, թունավորվածների մի մասը բուժումը ստացել է տնային պայմաններում»,– գրել է լրատվամիջոցը։
Juli’s սրճարանի սեփականատեր Անժելիկա Իշխանյանը հայտնել է, որ քաղաքացիներից թունավորման մասին ահազանգեր ստանալուց հետո՝ ամսի 8-ից սկսած դադարեցրել են սաղմոնով բենեդիկտի մատուցումը։ Նշենք, որ թունավորված քաղաքացիներից մեկը՝ Տաթև Բադալյանը, սաղմոնով բենեդիկտ առաքումով պատվիրել է ամսի 8-ի առավոտյան։ Առաքման անդորրագիրը ստորև։
«Նշենք՝ Իդա Հակոբյանը, որի հարսը նույնպես թունավորվել է, գրել է, որ թունավորումը տեղի է ունեցել ամսի 8-ին»,– գրել է լրատվամիջոցը։