Գիշերը թշնամու ագրեսիայի հետևանքով զոհված Երկրապահ Գագիկ Մանուկյանը դպրոցահասակ երեք երեխաների հայր էր, Կոտայքի Քասախ համայնքի բնակիչ։ «Փաստինֆո»-ի հետ զրույցում Քասախի վարչական ղեկավար Արտակ Թովմասյանն ասել է, որ նա նաև քառօրյա և 44-օրյա պատերազմների մասնակից էր։ «Մեզ համար շատ մեծ ցավ է, բառերով դժվար է բնութագրել։ Նա ոչ միայն պատերազմի ժամանակ, այլև պատերազմից հետո մասնակցում էր հայրենիքի պաշտպանության, ամրացման գործին, պարբերաբար բարձրանում էր դիրքեր՝ մեր սահմանները պահելու։ Հայրենասեր մարդ էր, եթե պարբերաբար մասնակցում էր հայրենիքի պաշտպանությանը, ապա ուրիշ էլ ինչպես կարելի է նրան բնութագրել։ Նա հայրենիքին ու իր ընտանիքին նվիրված մարդ էր, բարձր բարոյական արժեքներ կրող, աշխատող, արարող մարդ էր։ Ընկերների ու ընտանիքի համար սա մեծ կորուստ է»,- ասել է Թովմասյանը։