Լեռնային Ղարաբաղի հակամարտության վերաբերյալ բաժինն ԱԳՆ կայքէջից չի հեռացվել, իսկ բովանդակությունն արտացոլված կլինի պատշաճ ժամկետներում: Այս մասին պարզաբանել են ՀՀ ԱԳՆ-ից՝ անդրադառնալով հարցին՝ ինչու է Հայաստանի ԱԳՆ կայքից անհետացել «Լեռնային Ղարաբաղ» բաժինը։
ԱԳՆ-ից միևնույն ժամանակ հորդորում են տեղեկատվական դաշտում զերծ մնալ թեմայի անհարկի շահարկումներից:
Նշենք, որ Հայաստանի արտաքին գործերի նախարարության կայքից անհետացել է «Լեռնային Ղարաբաղի հիմնախնդիր» բաժինը։ ԱԳՆ կայքում «արտաքին քաղաքականություն» բաժնում տարիներ շարունակ կար «Լեռնային Ղարաբաղ» ենթաբաժինը։
Հիշեցնենք, որ օրերս Ադրբեջանի նախագահի հատուկ հանձնարարություններով դեսպան Էլչին Ամիրբեկովը «Ազատությանն» ասել էր, որ Հայաստանի Անկախության հռչակագրից բացի՝ Բաքուն խնդիրներ է տեսնում նաև Հայաստանի ընդունած այլ փաստաթղթերում։ Ամիրբեկովը նշել էր Հայաստանի արտգործնախարարության պաշտոնական կայքը, որտեղ Ղարաբաղյան խնդրին նվիրված հատվածում ասվում է, որ Արցախը պատմական Հայաստանի անբաժանելի մասն է։