Առկա իրավիճակը գործող սակագնային քաղաքականությամբ չի կարող շարունակվել: Այս մասին այսօր՝ փետրվարի 13-ին, Երեւանի ավագանու նիստում հայտարարեց փոխքաղաքապետ Սուրեն Գրիգորյանը՝ ներկայացնելով Երեւանում տրանսպորտի թանկացման վերաբերյալ նախագիծը:
«Մենք գործող շարժակազմը փոփոխել ենք ոչ միայն համայնքային միջոցներով եւ այսօր էլ էական չափով սուբսիդավորվում է համայնքային բյուջեից: Սա նշանակում է, որ մեր հանրությունը այսպես, թե այնպես, առկա տրանսպորտային համակարգի համար վճարում է, եւ վճարելու է միշտ: Հարցն այն է, թե որ մասն է վճարվելու ուղեւորափոխադրումներից, եւ որ մասն է վճարվելու համայնքային բյուջեից, ինչը նշանակում է ի հաշիվ այլ ոլորտների, օրինակ, նոր կառոցված մանկապարտեզի, նոր կառուցված ճանապարհի եւ այլն:
Այսօր սուբսիդավորման չափը հասել է 7 մլրդ դրամի եւ այս գումարը գնալով ճում է, քանի որ քաղաքը անըդնահտ համալրվում է, բերվում է նոր շարժակազմ: Այն շարժակազմերը, որում մարդիկ կռացած և արժանապատվությունը վիրավորող ձևով երթևեկում էին, պետք է վերացվի։ Իսկ նոր շարժակազմը, նոր որակը ենթադրում է նաև նոր՝ ավելի բարձր ծախսեր:
Անգամ եթե նախագիծը այս տեսքով ընդունվի, չնայած, հաշվի առնելով բոլոր քննարկումները, կարծում եմ՝ որոշակի փոփոխություններ կլինեն, անգամ այդ դեպքում մենք դուրս չենք գալիս սուբսիդավորման տրամաբանությունից»,- ասաց Սուրեն Գրիգորյանը։
Փոխքաղաքապետի խոսքով, այս համակարգը կներդրվի այն ժամանակ, երբ Երեւան կհասնեն նոր 171 ավտոբուսները, ենթադրվում է, որ դա կլինի սեպտեմբերին: