Ադրբեջանում Եվրոպական միության դեսպան Պետեր Միխալկին կանչել են ԱԳՆ՝ մտահոգություն հայտնելու Հայաստանում ԵՄ դիտորդական առաքելության գործունեության կապակցությամբ: Այս մասին ասվում է Ադրբեջանի ԱԳՆ-ի տարածած հաղորդագրության մեջ:
«Եվրոմիությանը տեղեկացրել ենք, որ առաքելությունն, ըստ էության, դարձել է «հեռադիտակային դիվանագիտության» գործակալ, որն աջակցում է Եվրոպական տարբեր պաշտոնյաների և ոչ պաշտոնական պատվիրակությունների այցերին սահմանամերձ շրջաններ: Առանց բացառության բոլոր նման այցերն օգտագործվում են ադրբեջանատյացության տարածման համար: Նման գործունեությունը չի համապատասխանում այդ առաքելությանը, որը պետք է գոյություն ունենար որպես չեզոք սուբյեկտ, և ստվեր է գցում եվրոպական այդ կազմակերպության վրա»,- ասվում է հաղորդագրության մեջ: