Search
Close this search box.

Ադրբեջանում ՌԴ դեսպանը՝ Երևանի ու Բաքվի միջև խաղաղության պայմանագրի բանակցությունների մասին

Մոսկվան պատրաստ է առավելագույն աջակցություն ցուցաբերել Երևանին ու Բաքվին խաղաղության պայմանագրի շուրջ բանակցություններում: Այս մասին «Իզվեստիա» թերթին տված հարցազրույցում ասել է Ադրբեջանում Ռուսաստանի դեսպան Միխայիլ Եվդոկիմովը։

Ընդգծելով, որ Հայաստանն ու Ադրբեջանն այժմ ուղղակիորեն խաղաղության պայմանագրի նախագծեր են փոխանակում՝ Եվդակիմովն ասել է, թե այն, ինչ առաջարկում է ադրբեջանական կողմը, իր կարծիքով, ստանդարտ ձևակերպումներ և հոդվածներ են, և ելնելով Բաքվի առաջարկներից՝ դեսպանի կարծիքով, «բանակցությունները կարող են բավականին արագ ավարտին հասցվել»։

Հարցին, թե ըստ նրա հնարավոր է՝ այս տարի պայմանագիր կստորագրվի, Եվդոկիմովը պատասխանել է․ «Ես տեսնում եմ, որ Ադրբեջանը հաստատակամ է շատ արագ ավարտել խաղաղության պայմանագրի ստորագրման շուրջ բանակցությունները։ Բայց, ինչպես գիտենք, բանակցություններն ավարտին հասցնելու համար երկու կողմերն էլ պետք է նման ցանկություն ունենան»։

«Մենք պատրաստ ենք տրամադրել մոսկովյան հարթակը, պատրաստ ենք անհրաժեշտության դեպքում տրամադրել մեր փորձաքննությունը, տեքստի վերաբերյալ մեր խորհուրդները։ Այստեղ մենք շատ լավ փոխգործակցություն ունենք մեր ադրբեջանցի գործընկերների հետ», — ասել է Եվդակիմովը։

Դիտարկմանը, թե Ադրբեջանի հիմնական հատվածից մինչև Նախիջևան տրանսպորտային միջանցքի հարցը մնում է չլուծված, Եվդակիմովն այսպես է արձագանքել․ — «Այս թեման շատ կարևոր է ադրբեջանական կողմի համար։ Սա Ադրբեջանի հիմնական տարածքի և Նախիջևանի միջև տրանսպորտային ուղիների առկայությունն է։ Ղարաբաղյան առաջին պատերազմի ժամանակ բոլոր հաղորդակցությունները ընդհատվել են, իսկ Նախիջևան էլեկտրաէներգիայի մատակարարումը դադարեցվել է։ Ուստի Ադրբեջանի համար այս երթուղու անվտանգության հարցը (մոտավորապես 46 կմ) վերացական թեմա չէ։ Այստեղ կան նաև թունելներ, կամուրջ։ Ռուսաստանի Դաշնությունը պատրաստ էր իր միջոցներով բավական արագ վերականգնել այս երթուղին։ Տարբեր պատճառներով, ինձ համար ոչ այնքան հասկանալի, հայկական կողմը ձգձգում է բանակցությունները»։

Դիվանագետը նաև հիշեցրել է, որ անցյալ տարի Բաքուն և Թեհրանը Իրանի տարածքով երկաթուղու կառուցման մասին պայմանագիր են ստորագրել։

«Այնտեղ մի քիչ ավելիի՝ 60 կմ մասին է խոսքը, երթուղին ավելի բարդ է, բայց այս աշխատանքներն արդեն ընթանում են։ Այս բոլոր տարիներին Ադրբեջանի և Նախիջևանի միջև ավտոմոբիլային բեռնափոխադրումները անցնում էին Իրանի տարածքով», — ասել է դեսպանը՝ կարևորելով նաև Թուրքիայից Նախիջևան երկաթուղու կառուցումը։

«Ըստ այդմ, մենք կկարողանանք Ռուսաստանից Թուրքիա ապրանքներ տեղափոխել Ադրբեջանի, Իրանի և Նախիջևանի տարածքով», — ասել է Եվդակիմովը։

Please enter a valid URL