2024 թ. փետրվարի 11-ին Գորիսում մատաղի արարողություն էր: Այն նախաձեռնել էր Գորիս համայնքի ղեկավար Առուշ Առուշանյանը:
Արարողությունը մեկնարկեց Հին Գորիսի կամ Կյորեսի Սուրբ Հռիփսիմե եկեղեցուց: 7-8-րդ դարերում կառուցված այդ սրբավայրում էլ, Սուրբ Գրիգոր Լուսավորչի սահմանած կարգի համաձայն, տեղի ունեցավ աղօրհնեք, որը կատարեց Գորիսի տարածաշրջանի հոգեւոր հովիվ արժանապատիվ տեր Ահարոն քահանա Մելքումյանը:
Այնուհետեւ ներկաները հավաքվեցին Հին Գորիսի Գյունեյ թաղում՝ «Թթենիների տակ» կոչվող վայրում՝ ճաշակելու մատաղը: Այդտեղ նախ կատարվեց մատաղի օրհնություն՝ Հայ առաքելական եկեղեցու Սյունյաց թեմի առաջնորդական տեղապահ հոգեշնորհ Մակար վարդապետ Հակոբյանի կողմից:
Մատաղը ճաշակողներն ընթացքում նաեւ մաղթանքներ հնչեցրին եւ աղոթքներ բարձրացրին առ Աստված…
Աղոթք գերության մեջ հայտնված Հայոց հայրենիք Արցախի ազատության համար:
Աղոթք Սյունիքի տարածքային ամբողջականությունը վերականգնելու եւ Սյունիքի արժանապատիվ ընթացքն ապահովելու համար:
Աղոթք Արցախյան բոլոր պատերազմներում նահատակված հայոց քաջորդիների հոգիների հանգստության համար, որոնց տեղը Ավարայրի եւ Սարդարապատի հերոսների կողքին է:
Աղոթք ադրբեջանական գերության մեջ հայտնված հայորդիների ազատության եւ, իհարկե, հայ ժողովրդի բոլոր հատվածների միասնության ու հայոց պետականության անսասանության համար:
Իսկ հայոց բանակի հանդեպ նվիրական վերաբերմունքն արտահայտվեց Սպարապետ Վազգեն Սարգսյանին նվիրված, ինչպես եւ Գուսան Աշոտի՝ Սյունյաց սարերը փառաբանող երգերով՝ Գորիսում հայտնի երգիչ Բաբկեն Մկրտչյանի՝ Բաբուլիկի կատարմամբ:
Եվ ուրեմն՝ ընդունելի լինի մատաղը…