Search
Close this search box.

Ինչու են Մուրացանի զինվորական հոսպիտալից հեռացվել նահատակված զինվորների լուսանկարները

Factor.am-ը ահազանգեր էր ստացել, որ Կենտրոնական կլինիկական զինվորական (Մուրացան) հոսպիտալի ադմինիստրացիայի 2-րդ հարկից հեռացվել են Արցախյան պատերազմում նահատակված զինվորների լուսանկարները։ Ստացած տեղեկատվությունը ճշտելու նպատակով Factor.am-ը փորձեցել է կապ հաստատել ՊՆ մամուլի քարտուղար Արամ Թորոսյանի հետ, սակայն ապարդյուն։ Ապա զանգահարեցինք Մուրացանի զինվորական հոսպիտալի տնօրենի ընդունարան, որտեղից մեզ պատասխանեցին. «Եթե ինչ-որ հարցեր ունեք, մոտեցեք ստեղ, մենք քաղաքային հեռախոսով ոչ մի բան չենք պատասխանում»։ Այցելեցինք Մուրացանի զինվորական հոսպիտալ, սակայն մեզ թույլ չտվեցին ներս մտել՝ պատճառաբանելով, որ նախարարությունից թույլտվություն է անհրաժեշտ: Երեկ ամբողջ օրը ՊՆ-ից թույլտվություն և մեկնաբանություն ստանալ չհաջողվեց, իսկ այսօր արդեն նախարարության մամուլի քարտուղար Արամ Թորոսյանը Factor.am-ին պարզաբանեց, թե որն է Մուրացանի զինվորական հոսպիտալից նահատակված զինվորների լուսանկարների հեռացման պատճառը:

«Գլխավոր շտաբի համապատասխան կառուցվածքային ստորաբաժանումը բոլոր զորամասերի տեղեկատվության և ժամանցի սենյակներում իրականացնում է վերանորոգման աշխատանքներ, այդ թվում նաև տպագրական նյութերի, քանի որ ժամանակի ընթացքում դրանք մաշվում են: Իրականացվում են տպագրական նյութերի թարմացման, վերանորոգման, թեմատիկ առումով համալրման մի շարք աշխատանքներ: Իսկ Փառքի անկյուններում իրականացվում են ոճային առումով արդիականացման աշխատանքներ»,- փոխանցեց Արամ Թորոսյանը:

Միևնույն ժամանակ մեզ չհաջողվեց մամուլի քարտուղարից ստանալ հարցի պատասխանը՝ արդյո՞ք վերանորգման աշխատանքներից հետո հեռացված լուսանկարները նույնությամբ կտեղադրվեն:

Հիշեցնենք, որ երեկ տեղեկություն էր տարածվել, թե ԿԳՄՍ նախարարությունը հանձնարարական է ուղարկել ՀՀ տարբեր դպրոցների տնօրեններին` կրթօջախներից հեռացնել Արցախյան պատերազմում զոհված հերոսների Փառքի անկյունները։ Նախարարությունից, սակայն, հերքել էին այդ տեղեկությունը։

factor.am

Please enter a valid URL