Search
Close this search box.

Մեզ համար Իրանը շարունակելու է լինել առանձնահատուկ գործընկեր, որի հետ համատեղ ջանքերով կարող ենք հասնել տարածաշրջանում կայուն խաղաղության. Փաշինյան

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձներ է հղել Իսլամական հեղափոխության գերագույն առաջնորդ այաթոլլահ Սեյեդ Ալի Խամենեիին և Իրանի Իսլամական Հանրապետության նախագահ Սեյեդ Էբրահիմ Ռայիսիին՝ Իսլամական հեղափոխության հաղթանակի 45-րդ տարեդարձի առթիվ, հայտնում է կառավարության մամուլի ծառայությունը:

Իսլամական հեղափոխության գերագույն առաջնորդին ուղղված ուղերձում նշված է.

«Ձերդ վսեմություն,

Ջերմորեն շնորհավորում եմ Ձեզ և Իրանի բարեկամ ժողովրդին Իսլամական հեղափոխության հաղթանակի 45-րդ տարեդարձի առթիվ։

Հայաստանի Հանրապետության կառավարությունը և հայ ժողովուրդը մեծապես կարևորում են հարուստ անցյալ ունեցող երկկողմ հարաբերությունները, որոնք բազմադարյա պատմության ընթացքում ունեցել են զարգացման անշեղ ուղի:

Ուրախ եմ արձանագրել, որ ներկայում Հայաստանի և Իրանի միջև առկա է սերտ ու փոխշահավետ համագործակցություն, որը վստահաբար առավել կամրապնդվի՝ ի նպաստ հարևան երկու ժողովուրդների բարօրության և տարածաշրջանային հարատև խաղաղության։

Ընդգծելով մեր երկրների հանձնառությունը տարածաշրջանում կայունություն և խաղաղություն հաստատելու ուղղությամբ՝ կարևորում ենք առկա մարտահրավերները համատեղ ջանքերով հաղթահարելու վճռականությունը։

Առիթը պատեհ համարելով՝ մաղթում եմ Ձեզ քաջառողջություն և արևշատու­թյուն, իսկ Իրանի բարեկամ ժողովրդին՝ խաղաղություն և բարեկեցություն»։

Իրանի նախագահին ուղղված ուղերձում ասված է.

«Ձերդ գերազանցություն,

Ջերմորեն շնորհավորում եմ Իսլամական հեղափոխության հաղթանակի 45-րդ տարեդարձի կապակցությամբ:

Հայաստանն ու Իրանը, անցնելով պատմության բազմադարյա քառուղիներով, շարունակում են աշխարհին ներկայանալ որպես փոխվստահության և հարգանքի մթնոլորտում համագործակցող երկրների լավագույն օրինակ:

Մեզ համար Իրանը եղել և շարունակելու է լինել առանձնահատուկ գործընկեր, որի հետ համատեղ ջանքերով կարող ենք հասնել տարածաշրջանում կայուն խաղաղության հաստատմանն ու ամրապնդմանը:

Լիահույս ենք, որ Հայաստանի և Իրանի միջև բարձր մակարդակի քաղաքական երկխոսությունն ու պարբերական շփումները կլինեն շարունակական՝ ի շահ մեր երկու բարեկամ ժողովուրդների բարեկեցության:

Առիթը պատեհ համարելով՝ մաղթում եմ Ձեզ արգասաբեր գործունեություն, իսկ մեր հարևան և բարեկամ Իրանի ժողովրդին՝ հարատև խաղաղություն և նորանոր ձեռքբերումներ»:

Please enter a valid URL