Մոսկվան Լեռնային Ղարաբաղում ռուս խաղաղապահների մնալու պայմանները կքննարկի միայն Բաքվի հետ՝ կապված տարածաշրջանում արմատական փոփոխությունների հետ, ՏԱՍՍ-ի հարցազրույցում հայտնել է Ռուսաստանի արտաքին գործերի փոխնախարար Միխայիլ Գալուզինը։
«Հաշվի առնելով Ղարաբաղում իրավիճակի արմատական փոփոխությունը՝ մեր խաղաղապահների մնալու պայմանները կքննարկվեն միայն ադրբեջանական կողմի հետ»,- ասել է նա։
Գալուզինի խոսքով՝ երկխոսությունն Ադրբեջանի հետ կրում է «կառուցողական» բնույթ։
«Ծագող բոլոր հարցերը լուծում ենք փոխընդունելի ձեւով։ Ինչ վերաբերում է ռուսական խաղաղապահ զորակազմի լիազորությունների երկարացմանը 2025թ. նոյեմբերից հետո, ապա դա կախված կլինի տարածաշրջանի իրավիճակից, նրա հետագա ներկայության պահանջվածությունից եւ Բաքվի հետ համապատասխան պայմանավորվածություններից»,- ասել է նա։