«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ «ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի շուրջ ծավալվող վերջին աղմկոտ իրադարձություններից հետո նա չի մասնակցել ՔՊ վարչության նիստին: «Ժողովուրդ» օրաթերթը ՔՊ-ից տեղեկացավ, որ Ալեն Սիմոնյանը, որը նաեւ իշխող ՔՊ վարչության անդամ է ու մշտապես ներկա է եղել նիստերին, վարչության վերջին նիստին, որը կայացել է երեքշաբթի օրը՝ փետրվարի 6-ին, չի մասնակցել, թեեւ նույն օրը ԱԺ-ում նիստ էր վարում:
Ուշագրավ է, որ Ալեն Սիմոնյանը ՔՊ վարչության հիմնական անդամներից է ու մշտապես ներկա է եղել վարչության նիստերին: Մյուս կողմից՝ «Ժողովուրդ» օրաթերթի աղբյուրները փոխանցում են, որ, կարծես թե, նա չի պատրաստվում հրաժարականի դիմում ներկայացնել ԱԺ նախագահի պաշտոնից, քանի որ Նիկոլ Փաշինյանն անձամբ իրենց ոչինչ չի ասել այդ մասին:
Կարճ ասած, ԱԺ նախագահի հետագա պաշտոնավարման հարցը շարունակում է օդից կախված մնալ: Նա արդեն պլանավորել է երկու այցեր՝ Սոֆիա եւ Վիլնյուս. ամենայն հավանականությամբ, այդ պաշտոնական եւ աշխատանքային այցերից հետո Նիկոլ Փաշինյանը կանդրադառնա Ալեն Սիմոնյանի հետագա գործունեությանը»։
Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում