Ադրբեջանի արտաքին գործերի նախարարությունն արձագանքել է Միջազգային քրեական դատարանին Հայաստանի անդամակցությանը նվիրված միջոցառման ժամանակ Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանի հայտարարությանը։ «Այս ելույթը ևս մեկ անգամ ցույց է տալիս, որ Հայաստանի միացումը Հռոմի ստատուտին փորձ էր՝ օգտագործել այդ ինստիտուտներն իրենց անհիմն պահանջների, չարամիտ գործողությունների, ատելության քարոզի, ապատեղեկատվության և միջազգային իրավունքի սխալ մեկնաբանման համար»,- ասվում է Ադրբեջանի արտաքին գործերի նախարարության տարածած հաղորդագրության մեջ:
Հիշեցնենք՝ Միջազգային քրեական դատարանին ՀՀ անդամակցությանը նվիրված պաշտոնական միջոցառմանը ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդես էր եկել ելույթով. «ՄՔԴ-ի նկատմամբ Հայաստանի հետևողական համագործակցային մոտեցումը հիմնված է հետևյալ հիմնական նպատակների վրա. 1) կանխել ամենածանր հանցագործությունները, որոնք մտահոգում են ամբողջ միջազգային հանրությանը, 2) միջազգային հանրությունում օրենքի գերակայության ամրապնդումը, 3) ՄՔԴ-ն առավել համընդհանուր դարձնելը:
Հայաստանը հավատում է, որ չափազանց կարևոր է միջազգային դատական համակարգի ստեղծումը, որը կապահովի ցեղասպանություն և այլ ծանր հանցագործություններ կատարած անձանց պատիժը։ Հայաստանը տասնամյակներ շարունակ, Միջազգային քրեական դատարանին անդամակցելուց առաջ էլ, նախաձեռնող և առաջամարտիկ է եղել ցեղասպանության ոճրագործության կանխարգելման և դատապարտման գործընթացներում՝ ինչպես ՄԱԿ-ի, այնպես էլ այլ միջազգային կազմակերպությունների և ֆորումների շրջանակներում:
ՄՔԴ-ի դերը հանցագործությունների կանխարգելման և հակամարտությունների խաղաղ կարգավորման համար ազնիվ և անաչառ արդարադատության գործընթացի ապահովման գործում նշանակալի է։ Ցավոք, մեր տարածաշրջանում մենք բախվեցինք ոչ միայն հիմնախնդիրը խաղաղ ճանապարհով լուծելու կամքի բացարձակ բացակայությանը, այլ նաև պատերազմ, ատելություն և ահաբեկչություն տարածելու ակնհայտ մտադրությանը: ՀՀ-ի դեմ շարունակվող ագրեսիաները և մեր ինքնիշխան տարածքների օկուպացիան, հայերի դեմ իրագործած սարսափելի ոճրագործությունները, Լեռնային Ղարաբաղի էթնիկ զտումը, որոնց հետևանքով ավելի քան 100.000 հայեր ստիպված են եղել փախչել իրենց տներից՝ ապաստան գտնելու Հայաստանում, ունեցել են աղետալի հումանիտար հետևանքներ և շարունակում են անմիջական վտանգ ներկայացնել մեր տարածաշրջանի համար։ Այս համատեքստում մենք համոզված ենք, որ Հռոմի ստատուտը, ի թիվս այլ մեխանիզմների, իրական ներուժ ունի կանխելու հետագա էսկալացիան և ոճրագործությունները՝ դառնալով մեր տարածաշրջանում կայունության և կայուն խաղաղության ուղենիշ»: