ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորները դատախազություն են ներկայացրել անձնական երաշխավորություն կիրառելու մասին միջնորդություն` խորհրդարանի նախագահ Ալեն Սիմոնյանի եղբոր` Կառլեն Սիմոնյանի կնոջ` Անի Գևորգյանի, «Սիներջի» ընկերության բիզնեսի զարգացման կառավարիչ Լիլյա Մկրյանի և «Սիներջիի» տնօրեն Աշոտ Հովհաննիսյանի համար։ Այս մասին Sputnik Արմենիային հայտնել են ՀՀ դատախազությունից։
«Դատախազությունը ստացել է ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորների՝ անձնական երաշխավորություն կիրառելու մասին միջնորդությունը»,– ասել են դատախազությունից։
Հիշեցնենք` հունվարի 31-ին ԱԱԾ–ն ու ՔԿ–ն խուզարկություններ էր կատարել ՀՀ էկոնոմիկայի նախարարությունում և մի շարք անձանց բնակարաններում (ընդհանուր առմամբ ավելի քան 15 վայրում) և ձերբակալել 7 անձանց, այդ թվում` Անի Գևորգյանին, Լիլյա Մկրյանին ու Աշոտ Հովհաննիսյանին, որոնք ավելի ուշ կալանավորվեցին։
ԱԺ փոխխոսնակ Հակոբ Արշակյանը երեկ լրագրողների հետ զրույցում ասել էր, որ խմբակցությունը նշված անձանց համար երաշխավորություն ներկայացնելու որոշում է կայացրել։