Search
Close this search box.

Համոզված ենք, որ Հռոմի ստատուտն իրական ներուժ ունի կանխելու հետագա էսկալացիան. Միրզոյան

Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանի հայտարարությունը Հայաստանի անդամակցությանը նվիրված պաշտոնական միջոցառման ժամանակ․

«Հարգարժա՛ն Դատարանի նախագահ,
Տիկի՛ն Համաժողովի նախագահ,

Ձերդ գերազանցություններ,
Հարգելի՛ դատախազ,
Հարգելի՛ քարտուղար,
Հարգելի՛ դատավորներ և դատախազի տեղակալներ,

Ձերդ գերազանցություններ,
Տիկնայք և պարոնայք,

1998 թվականին միջազգային հանրությունը պատմական որոշում կայացրեց վերջ դնել միջազգային լրջագույն հանցագործություններին՝ ընդունելով Հռոմի ստատուտը։ 2023 թվականին Հայաստանը վավերացրեց այն՝ անկեղծորեն հավատալով ստատուտի բարձր ուժին՝ վերացնելու ամենածանր հանցագործությունները և վերջ դնելու անպատժելիությանը։ Փետրվարի 1-ին Հռոմի ստատուտն ուժի մեջ է մտել Հայաստանի համար. սկզբունքորեն կարևոր իրադարձություն, որն այսօր մեզ այստեղ է բերել։ Ես շնորհակալ եմ ձեզանից յուրաքանչյուրին այս առանձնահատուկ օրը մեզ հետ կիսելու համար։

Նյուրնբերգյան դատավարությունն իր ժամանակին ի ցույց դրեց, որ միջազգային իրավունքի դեմ հանցագործությունները կատարվում են մարդկանց կողմից, այլ ոչ թե վերացական սուբյեկտների, և միջազգային իրավունքի դրույթների կիրառումը հնարավոր է ապահովել նման հանցագործություններ կատարող անձանց պատժելու միջոցով։ Սկսելով այս ճանապարհը` եկեք ընդունենք այն պատասխանատվությունը, որը գալիս է երաշխավորելու, որ ոչ ոք օրենքից վեր չէ։ Այսօր Միջազգային քրեական դատարանը կանգնած է որպես հենակետ՝ ընդդեմ ցեղասպանության սարսափների, պատերազմական հանցագործությունների, մարդկության դեմ հանցագործությունների և ագրեսիայի հանցագործության: Այս առումով, ՄՔԴ-ի նկատմամբ Հայաստանի հետևողական համագործակցային մոտեցումը հիմնված է հետևյալ հիմնական նպատակների վրա. 1) կանխել ամենածանր հանցագործությունները, որոնք մտահոգում են ամբողջ միջազգային հանրությանը, 2) միջազգային հանրությունում օրենքի գերակայության ամրապնդումը, 3) ՄՔԴ-ն առավել համընդհանուր դարձնելը:

Հայաստանը հավատում է, որ չափազանց կարևոր է միջազգային դատական համակարգի ստեղծումը, որը կապահովի ցեղասպանություն և այլ ծանր հանցագործություններ կատարած անձանց պատիժը։ Հայաստանը տասնամյակներ շարունակ, Միջազգային քրեական դատարանին անդամակցելուց առաջ էլ, նախաձեռնող և առաջամարտիկ Է եղել ցեղասպանության ոճրագործության կանխարգելման և դատապարտման գործընթացներում՝ ինչպես ՄԱԿ-ի, այնպես էլ այլ միջազգային կազմակերպությունների և ֆորումների շրջանակներում:

ՄՔԴ-ի դերը հանցագործությունների կանխարգելման և հակամարտությունների խաղաղ կարգավորման համար ազնիվ և անաչառ արդարադատության գործընթացի ապահովման գործում նշանակալի է։ Ցավոք, մեր տարածաշրջանում մենք բախվեցինք ոչ միայն հիմնախնդիրը խաղաղ ճանապարհով լուծելու կամքի բացարձակ բացակայությանը, այլ նաև պատերազմ, ատելություն և ահաբեկչություն տարածելու ակնհայտ մտադրությանը: ՀՀ-ի դեմ շարունակվող ագրեսիաները և մեր ինքնիշխան տարածքների օկուպացիան, հայերի դեմ իրագործած սարսափելի ոճրագործությունները, Լեռնային Ղարաբաղի էթնիկ զտումը, որոնց հետևանքով ավելի քան 100.000 հայեր ստիպված են եղել փախչել իրենց տներից՝ ապաստան գտնելու Հայաստանում, ունեցել են աղետալի հումանիտար հետևանքներ և շարունակում են անմիջական վտանգ ներկայացնել մեր տարածաշրջանի համար։ Այս համատեքստում մենք համոզված ենք, որ Հռոմի ստատուտը, ի թիվս այլ մեխանիզմների, իրական ներուժ ունի կանխելու հետագա էսկալացիան և ոճրագործությունները՝ դառնալով մեր տարածաշրջանում կայունության և կայուն խաղաղության ուղենիշ։

Տիկնայք և պարոնայք,

Մենք ընդգծում ենք Դատարանի կարևոր դերն աներևակայելի վայրագություններից տուժածների համար արդարության ապահովման գործում՝ նրանց ձայն տալով, հնարավորություն տալով մասնակցել վարույթներին, օգնություն տրամադրելով և փոխհատուցումներ պահանջելով: Անկասկած, Հռոմի ստատուտը և ՄՔԴ-ն, պատասխանատվության ձգտելով, մեծապես նպաստել են միջազգային քրեական արդարադատության համակարգի արդյունավետ գործունեությանը:

Այսօր եկեք տոնենք ոչ միայն Հայաստանի հանձնառությունը, այլև այնպիսի աշխարհի հանընդհանուր տեսլականը, որտեղ տիրում է արդարություն, և պաշտպանված է յուրաքանչյուր անհատի արժանապատվությունը: Որպես Հռոմի ստատուտի նոր մասնակից պետություն՝ Հայաստանը կլինի Դատարանի ակտիվ անդամ և էապես կնպաստի մասնակից պետությունների համաժողովի աշխատանքներին։ Միասին մենք առաջ ենք շարժվում համերաշխ՝ համախմբված Հռոմի ստատուտի գաղափարների շուրջ, քանի որ ձգտում ենք արդարությամբ և օրենքի գերակայությամբ սահմանված ապագայի:

Շնորհակալություն»:

Please enter a valid URL