ԱԺ փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանն ընդհատեց ընդդիմադիր խմբակցության պատգամավոր Ագնեսա Խամոյանի ելույթը. «Մենք քննարկում ենք Վճռաբեկ դատարանի դատավորների թեկնածուների հարցը, դուք եկել, քննարկում եք երեկվա՝ ԲԴԽ անդամի թեկնածուի հարցը»,- ասաց Ռուբինյանը: «Մի՛ խանգարեք»,- արձագանքեց Խամոյանը: «Անջատե՛ք խոսափողը»,- հայտարարեց նիստը վարողը:
Հիշեցնենք՝ Ագնեսա Խամոյանն իր ելույթում խոսելով ԱԺ-ում երեկ քննարկված ԲԴԽ խորհրդի անդամի թեկնածու Կարեն Թումանյանի մասին, հայտարարել էր հետևյալը. «Դուք ակնհայտորեն խնդիրներ ունեք սեփական կենսագրության հետ ու այս պայմաններում չեք կարող ստուգել դատավորների բարեվարքությունը: Ես երեկ ավելի խորն ուսումնասիրեցի ձեր կենսագրությունն ու, համադրելով մի քանի տվյալներ, հետևյալ պատկերը ստացա, որ դպրոց հաճախել եք 10 տարեկանում, ավարտել՝ 20 տարեկանում… Մարդն ակնհայտորեն խուսափել է զինծառայությունից: Չեմ կարծում, որ այս դահլիճում կա մարդ, ով չի հասկացել՝ էդ ֆիկտիվ ամուսնությունն ում հետ ա գրանցված եղել: ՔՊ-ական պատգամավորնե՛ր, ձեր քվեարկությամբ կիսելու եք էդ բարոյական հարցը: Դուք մեկին ուզում եք դարձնել ԲԴԽ անդամ, ով խուսափել է զինվորական ծառայությունի՞ց, ամուսնանալո՞վ»: