Search
Close this search box.

Բարձր լեռնային հատվածներում հայկական դիրքեր սնունդ ու ջուր չեն կարողանում հասցնել․ ահազանգ

«Հրապարակ» օրաթերթին ահազանգեցին բանակում  ծառայություն իրականացնողների բարեկամներն ու մեզ տրամադրեցին տեսանյութ, թե ինչպիսի պայմաններում են ծառայություն իրականացնում մեր զինծառայողները։ Վերջիններս տեղեկացրին, որ արդեն շաբաթից ավել է, ինչ բարձր լեռնային տեղանքում գտնվող հայկական դիրքերը ճանապարհ չունեն, քանի որ Պաշտպանության նախարարությունը պարզապես տրակտորներ չունի ճանապարհները բացելու համար։

«Պարզապես իմացեք, որ բոլոր տեղերում էլ նույն վիճակն է։ Բոլոր բարձր լեռնային դիրքերում էլ այդ նույն վիճակն է, ճանապարհները անանցանելի են, ոչ թե դժվար անցանելի, այլ անանցանելի են՝ բքի ու ձյան պատճառով»,-ասացին մեզ։

Զինվորականները չնայած չունեն վառելիքի խնդիր, քանի որ վառելիքը դեռևս ամռան ամիսներից կուտակվում է, սակայն արդեն մեկ շաբաթ է, ինչ չեն կարողանում հաց կամ ջուր ստանալ․ քաղցը հագեցնում են իրենց մոտ եղած չոր սնունդով՝ տուշոնկա և այլն։ Ու այս իրավիճակը նույնն է ոչ միայն շփման գոտու բարձր տեղանքներում գտնվող դիրքերում, այլև թիկունքային դիրքերում։ Եվ եթե հանկարծ զինծառայողներից մեկի մոտ առողջական վիճակի սուր վատթարացում լինի, ապա նրան դիրքերից իջեցնելը, բժշկական օգնություն ցուցաբերելը պարզապես անհնար կլինի։

«Եթե հանկարծ հակառակորդը որոշի մարտական գործողություն ձեռնարկել, մեր բոլոր դիրքերը կկանգնեն շատ լուրջ փաստի առաջ։  Ոչ մի մատակարարում չի կարող լինել, ոչ մի օգնություն չի կարող հասնել, որովհետև ճանապարհները հարյուր տոկոսով փակ են, հարյուր տոկոսով լցված են ձյունով և օրեր կտևի մինչև բացեն։ Այդ օրերի ընթացքում դիրքերում ոչ ոք կենդանի չի մնա՝ կոպիտ ասած»,-ասացին մեզ ահազանգողները:

Թիկունքային բարձր լեռնային հատվածում ծառայություն իրականացնող կին զինծառայողներն էլ են խնդրի առաջ կանգնել։ Վերջիններիս ծառայության համար պետք է ապահովվեն հատուկ պայմաններ, սակայն կին զինծառայողները հավելյալ խնդիրների առաջ են կանգնել, քանի որ դիրքից պարզապես անհնար է դուրս գալ։

Հիշեցնենք, որ պատերազմից հետո որոշում ընդունվեց կին զինծառայողներին առաջնագիծ չուղարկել՝ ադրբեջանցի զինվորականների կողմից կանանց խոշտանգումների ու տանջամահ անելու դեպքերից հետո։

Մանրամասն՝ տեսանյութում։

Please enter a valid URL