2018-ից առ այսօր դուք ամեն պատեհ ու անպատեհ առիթով ասում եք, որ համակարգային կոռուպցիա գոյություն չունի, բայց 2018-ից առ այսօր բազմաթիվ են դեպքերը, երբ բազմաթիվ պաշտոնյաներ այս կամ այն կոռուպցիոն գործի կիզակետում են հայտնվել, կալանավորվել են։ մասին այսօր՝ փետրվարի 7-ին, ԱԺ-ում կառավարության հետ հարցուպատասխանին ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Ագնեսա Խամոյանը։
«Հետաքննող լրագրողները գնացել էին ՔՊ-ի քարոզարշավին հանգանակված գումարների հետեւից, այցելել էին ձեր կուսակցությանը 2,5-ական միլիոն նվիրաբերած ընտանիքներին, եւ պարզել, որ նրանցից շատերն անգամ տեղյակ չեն եղել, որ ձեր կուսակցության քարոզարշավի համար իրականացված դրամահավաքին գումարներ են նվիրաբերել, խոսքը 140 անձի մասին է խոսքը, ընդհանուր 350 միլիոն դրամ»,- նշեց Խամոյանը։
Խամոյանը հարց ուղղեց Փաշինյանին՝ եթե Փաշինյանը ՔՊ կուսակցության վարչության նախագահն է եւ ֆինանսական թափանցիկությունը չի կարողանում ապահովել, ի՞նչ վստահություն պետք է լինի, որ նույնը կարողանում է իրականացնել վարչապետի պաշտոնում, եւ արդյո՞ք դա կառուպցիա չէ, Փաշինյանը պատասխանեց․
«Ձեր բարձրացրած հարցերի պատճառով է, որ մենք ասում ենք՝ երկրում պետք է պետական ինստիտուտների կայացում տեղի ունենա, որովհետեւ մի անձը չէ, որ կարող է թափանցիկությունն ապահովել, դրա համար կան ինստիտուտներ, կան իրավապահ մարմիններ, իհարկե նաեւ կուսակցությունն ու դրա ղեկավար մարմիններն են այդ հարցի պատասխանատուն։ Ինքս էլ եսել եմ այդ հրապարակումը, մենք էլ ենք կուսակցության ներսում քննարկում ենք այդ իրադրությունները, բնականաբար մտադիր ենք նաեւ պարզաբանել՝ ինչի մասին է խոսքը, կամ ինչը ինչի համար է տեղի ունեցել»։
Նիկոլ Փաշինյանը նշեց, որ կոռուպցիայի դեմ պայքարի քաղաքական կամք կա Հայաստանում․
«Որովհետեւ ձեր նշած երեւույթների բացակայությունը պիտի հակառակի ապացույցը դառնար։ Ձեր նշած փաստերը ինքնին ամենամեծ ապացույցն են, որ այդ թվում՝ թափանցիկություն ապահովելու բոլոր մեխանիզմները Հայաստանում կան, եւ դրանք անխուսափելիորեն ապահովում են»։
Խամոյանն ընդգծեց, որ իշխանությունները չեն կարողանում ապահովել թափանցիկություն․ «Պատերազմից հետո մի թեզ էր տարածվել՝ խեղճ Նիկոլն ի՞նչ է արել, նախկինները հողերը տվել են, հիմա կոռուպցիոն դեպքերով էլ հանրությանն ուզում եք ազդակ փոխանցել, որ խեղճ Նիկոլն ի՞նչ անի, բոլորը կոռումպացված են, բացի ինձնից»։
Ագնեսա Խամոյանի դիտարկմանը Փաշինյանն արձագանքեց․ «Բա որ թափանցիկություն չենք ապահովել, այդքան բան դուք որտեղի՞ց գիտեք, հետաքննող լրագրողները որտեղի՞ց գիտեն, հետախուզական ծառայություններն են հայտնաբերե՞լ, Հայաստանի պետական մարմինների պաշտոնական կայքերից վերցրած տեղեկությունների հիման վրա կառուցած տեղեկություն է։ Ուրիշ բան է, որ այդ թափանցիկությունն ուսումնասիրելիս ինչ եզրակացությունների կհանգենք, դա բոլորովին այլ հարց է»։