Երևանի ավագանին ընդունեց մայրաքաղաքի վճարովի ավտոկայանատեղիներում կիրակի օրերին կայանելու համար արտոնություն կիրառելու նախագիծը։
Ավագանու «Հանրային ձայն» խմբակցության անդամ Վահան Ավագյանը ներկայացրեց նախագիծը՝ նշելով, որ առաջարկել են՝ եթե խնդիրը դրված է բեռնաթափել քաղաքի կենտրոնն ու նվազեցնել խցանումները, ապա կիրակի օրերին երթևեկության ծանրաբեռնվածության աստիճանն էապես քիչ է։
Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանն էլ արձագանքեց, որ այդ առաջարկը տրամաբանական է և, ընդհանուր առմամբ, համահունչ է իրենց առջև դրված նպատակների հետ․
«Կարող եմ ասել, որ մեր սպասածից նույնիսկ մի փոքր ավելի է այդ բեռնաթափումը տեղի ունեցել»,- նշել է քաղաքապետը՝ հավելելով, որ ապագայում ավել տեսանելի արդյունքներ կլինեն. «Գարնանը մի փոքր ավելի բացահայտ կլինի, թե ինչ կոնկրետ արդյունք է ունեցել հենց միայն այս նախագիծը»։
Նա շեշտել է, որ ի սկզբանե հայտարարել են՝ այդ որոշումը ոչ թե հավելյալ գումարներ հավաքագրելու, այլ՝ Կենտրոնը բեռնաթափելու համար էր արված։
Ըստ այդմ, Երևան քաղաքի «Ա» և «Բ» գոտիներում կահավորված վճարովի ավտոկայանատեղիներում ավտոտրանսպորտային միջոցները կիրակի օրերին կազատվեն վճարից։ Նախագիծն ընդունվեց 34 կողմ ձայնով։