«ԱԱԾ պահեստազորի սպաների միություն» ՀԿ համահիմնադիր Միքայել Համբարձումյանը Ֆեյսբուքի իր էջում գրառոմ է արել՝ հետևյալ ահազանգով․
««ԶՎԱՐԹՆՈՑ» ՕԴԱՆԱՎԱԿԱՅԱՆՈՒՄ
Այսօր թոռնիկիս ու հարսիս ճանապարհում էի Հայաստանից: Մեր ընտանիքն ընդհանրապես օգտվում է «Աերոֆլոտի» ծառայություններից, սակայն այս անգամ, չգիտես ինչու, որդիս վերցրել էր «Flyone» ավիաընկերության տոմսեր: Երեխայի հարմարավետության համար տղաս, լրացուցիչ վճարում կատարելով, տեղ էր վերցրել սրահի առաջին շարքում:
«Զվարթնոց» օդանավակայանում բոլորիս համար միանգամայն անակնկալ պարզվեց, որ հաշվառում անցնելու համար պիտի լրացուցիչ գումար վճարենք ավիաընկերությանը` պատճառաբանությամբ, որ օնլայն հաշվառումն անվճար է, իսկ օդանավակայանում իրականացվող ֆիզիկական հաշվառումը` վճարովի: Արդյունքում երկուսի համար լրացուցիչ մուծեցինք 31800 դրամ:
Իհարկե, մենք դրանով չաղքատացանք, ու վճարումը չէ խնդիրը: Պարզապես իրողությունն է զավեշտալի, որ մարդու պարզ հաշվառումն անցկացնելու համար գումար են վերցնում: Չէ որ ըստ էության լրացուցիչ որևէ ծառայություն չի մատուցվում: Բացի այդ բոլոր չէ, որ գիտեն այս կանոնի մասին, որի հետևանքով հաշվառման ընթացքում կարող են հայտնվել խիստ անհարմար վիճակում` գումար չունենալու կամ օնլայն հաշվառման կարգը չիմանալու պատճառով:
Փաստորեն 10000 դրամի չափով օդի տուրքը եռապատկելու հարմար տարբերակ է գտնվել…»