Մեղրիում փակում են պետական հաստատությունները՝ առաջին ատյանի դատարան, կադաստրի կոմիտեի ստորաբաժունումը, նոտարական գրասենյակը, հիվանդանոցը, դիահերձարանը, փակվել է նաև արխիվը։ Այս մասին, այսօր՝ փետրվարի 6-ին, ԱԺ-ում հայտարարությունների ժամին իր ելույթում ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գառնիկ Դանիելյանը։
«Օպիտմալացման անվան ներքո այս գերատեսչությունների փակումը միայն խոչընդոտներ է ստեղծում մեղրեցիների համար։ Հաջորդն ի՞նչ եք փակելու՝ մանկապարտեզներ, դպրոցներ։ Ո՞րն է այս ամենի իրական նպատակը»,- հարցադրում արեց ընդդիմադիր պատգամավորը։
Նրա խոսքով, բժշկական հաստատություն դիմելու կարիքի դեպքում համայնքի բնակիչը պետք է ճանապարհ ընկնի, քանի որ 2010 թվականին կառուցված և մոտ 100 աշխատակից ունեցող հիվանդանոցը չի գործում։
«Իսկ թե արձանագրվում են մահվան դեպքեր, մեղրեցին պետք է բռնի դեպի Կապան տանող ոլորաններով ճանապարհը, որպեսզի օգտվի այնտեղից դիահերձարանից»,- ասաց նա։
Գ. Դանիելյանը թվարկեց նաև այլ խնդիրներ, որոնց բախվում են մեղրեցիները՝ սպանդանոցի, տրանսպորտի բացակայություն, … ։
«Մեղրիում տարրական պայմանների և առաջանային ծառայությունների բացակայության պատճառով շատ ընտանիքներ տեղափոխվում են այլ քաղաքներ»,- ընդգծեց նա։
Նա նշեց, որ այսօր անդրադառնում է մեղրեցու խնդիրներին,միաժամանակ ահազանգեր է ստանում, որ օպտիմալացման գործընթացի անվան ներքո փակվում են այլ սահմանամերձ համայնքների գերատեսչություններ ևս։
«Մեղրին Հայաստանի հարավային դարպան է, Մեղրին ու մեղրեցին արժանի են ամենօրյա հոգածության, մինչդեռ տարվում է քաղաքականությունը, որը հանգեցնելու է հայրենիքի այս չքնաղ հատվածի հայաթափմանն ու նորանոր աղետներին»,- ասաց Դանիելյանը։