Search
Close this search box.

ՔՊ նախընտրական քարոզարշավը ֆինանսավորվել է անհայտ աղբյուրներից՝ կասկածելի գործարքների միջոցով. infocom.am

Ամառային մի շոգ օր՝ 2023-ի հուլիսի 31-ին, Կարինեն (անունը փոխված է) իր ծանոթներից մեկի՝ Գևորգի հետ (անունը փոխված է) զբոսնում էր Երևանի կենտրոնում։ Երբ հասան «Հայէկոնոմբանկի»՝ Արամի փողոցում գտնվող մասնաճյուղի մոտ, Գևորգը Կարինեին հարցրեց՝ արդյո՞ք նույնականացման քարտ ունի իր մոտ։ Դրական պատասխան ստանալով՝ խնդրեց մտնել բանկ՝ ինչ-որ գործարք անելու, որի համար անձը հաստատող փաստաթուղթ էր անհրաժեշտ։ Կարինեն, վստահելով ծանոթին, համաձայնեց։

Երբ հասան «Հայէկոնոմբանկի» մուտքի մոտ, Գևորգը Կարինեին խնդրեց դրսում սպասել, վերցրեց նրա նույնականացման քարտն ու մտավ բանկ։ Կարճ ժամանակ անց դուրս եկավ ու Կարինեին խնդրեց ներս մտնել՝ ասելով, որ այնտեղ նրան մի տղամարդ է դիմավորելու, կասի՝ ինչ անել։

«Ես մոտեցա այդ տղամարդուն, սպասարկման բաժնի աշխատակիցը կտրոն տվեց նրան, ինքն էլ տվեց ինձ, որ ստորագրեմ։ Բանկային անդորրագիր էր։ Ստորագրելիս տեսա, որ ես փոխանցում եմ 2.5 մլն դրամ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությանը», — պատմում է Կարինեն, որը բանկից դուրս գալուց հետո Գևորգին հարցրել է՝ խնդիրներ չի՞ ունենա։ Վերջինս պատասխանել է, որ մոռանա այդ մասին, եթե զանգեն, ասի, որ ոչնչից տեղյակ չէ։

Կարինեն, փաստորեն, իր կամքից անկախ դարձել է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախընտրական քարոզարշավը «ֆինանսավորողներից» մեկը Երևանի ավագանու 2023 թվականի ընտրություններին ընդառաջ։ Ի դեպ, Կարինեն միակը չէ, որ հայտնվել է նման իրավիճակում։ 

«Ինֆոքոմը» այս հետաքննության ընթացքում ուսումնասիրել և նույնականացրել է 1 մլն դրամը գերազանցող նվիրատվություն կատարած գրեթե բոլոր անձանց և պարզել, որ ՔՊ նախընտրական քարոզարշավի գործարքները կասկածելի են, իսկ ֆինանսների առնվազն մի մասը՝ անհայտ ծագում ունեն։

Կարինեի անձը հաստատող փաստաթուղթը և ստորագրությունն օգտագործվել են անհայտ ծագման դրամական միջոցները ՔՊ կուսակցության հաշվեհամարին փոխանցելու համար։ Պատահական չէ, որ բանկային այդ գործարքը տեղի է ունեցել 2023 թվականի հուլիսի 31-ին։ Հենց այդ օրն էր «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը կազմակերպել նախընտրական քարոզարշավի համար դրամահավաք-երեկոն։

Ի դեպ, ՔՊ-ն նախապես հրապարակային հայտարարություն չէր տարածել դրամահավաք-երեկոյի մասին։ Միայն օրեր անց կուսակցության նախընտրական շտաբի պետ, այժմ Երևանի քաղաքապետի առաջին տեղակալ Արմեն Փամբուխչյանը «Ֆեյսբուքի» իր էջում գրել էր. «թվով 987 նվիրատուների հանգանակությունների արդյունքում հավաքվել է 506 532 950 ՀՀ դրամ»։

ՔՊ կուսակցությունը, սակայն, չէր հանրայնացնում «թվով 987 նվիրատուների» անունները՝ ո՛չ նախընտրական շրջանում, ո՛չ ընտրությունների ընթացքում և ո՛չ էլ դրանից հետո։ «Ինֆոքոմը» և մի շարք այլ լրատվամիջոցներ նվիրատուների ցանկը ստանալու համար հարցումներ էին ուղարկել «Քաղաքացիական պայմանագրին», սակայն կուսակցությունը մերժել էր տրամադրել ցանկը։ Ընտրություններից մոտ 5 ամիս անց՝ դեկտեմբերի 22-ին, կուսակցությունն ի վերջո տրամադրեց նվիրատուների անուն-ազգանունները։ Նշենք, որ Ինֆորմացիայի ազատության կենտրոնը, հիմնվելով «Ինֆոքոմի» դիմումի վրա, նույնաբովանդակ ևս 2 հարցում էր ուղարկել ՔՊ և պատասխան չստանալով՝ դեկտեմբերի 4-ին  դատական հայց էր ներկայացրել ՔՊ-ի դեմ՝ ցանկը ստանալու պահանջով։ Հունվարի 8-ին ԻԱԿ-ի ու ՔՊ-ի միջև կնքվել էր հաշտության համաձայնագիր, որի համաձայն՝ կուսակցությունը պարտավորվել էր տրամադրել հայցադիմումով պահանջվող տեղեկությունները։

Ի տարբերություն Արմեն Փամբուխչյանի հայտնած թվերի՝ «Ինֆոքոմին» ուղարկված նվիրատուների ցանկը ներառում էր 996 անձանց (նախնական հրապարակված թվից 9-ով ավելի) կատարած ընդհանուր 509 085 950 ՀՀ դրամի (շուրջ 1 264 242 ԱՄՆ դոլար) նվիրատվությունները։

«Այդ պահին, որ գումարի չափը տեսա, ուզում էի հասկանալ՝ իմ աշխատավարձով ես ո՞նց կարամ այդքան փոխանցեմ։ Երկրորդ հարցն էլ՝ այդ գումարն իրենց բա որտեղի՞ց է գնալու, եթե ես չեմ հիմա այդ փողը փոխանցում»,- մեզ հետ զրույցի ընթացքում ինքն իրեն հարցեր էր ուղղում Կարինեն։ Նվիրատուների ցանկում իր անունը տեսնելով՝ Կարինեն մտահոգվել է, ասում է, որ չի ցանկանում որևէ քաղաքական կուսակցության հետ առնչվել։ Անհանգստանում է, որ այս դեպքն իր անվան վրա «սև բիծ» է թողնելու. մտածում է, որ իր հարազատների մոտ միամիտ մարդու տպավորություն կթողնի, քանի որ իր ծանոթին վստահելով՝ դարձել է կեղծ ֆինանասական գործարքի և քաղաքական գործընթացի մասնակից։

Կարինեն հաշվարկել էր նաև, որ իր աշխատավարձով 2.5 տարում հազիվ կարողանար 2.5 մլն դրամ հավաքել։ Հարցին, թե ինչ է զգում հիմա, երբ գիտի, որ իրեն խաբել են, պատասխանեց. «Ինձ հպարտ քաղաքացի չեմ զգում։ Մի քիչ ճնշող է, որ փորձում են խաբել։ Ինձ համար լացելու են քաղաքական թեմաները, որ անընդհատ խաբում են ու միայն իրենց շահի մասին են մտածում»։

Նա մտաբերեց նաև, որ բանկային գործարքից հետո Գևորգը զանգեց ինչ-որ մեկին, ասաց՝ «2 հատ իմ կողմից, ինձ էլ ինչ տաս՝ տաս»։

ՔՊ-ին նվիրատվություն կատարածների ցուցակում հայտնվել էր ոչ միայն Կարինեի անունը, այլ նաև Գևորգի ու նրա եղբոր։ Վերջիններիս անվան դիմաց գումարի չափը ևս նշված է 2.5 մլն դրամ։

Կարինեի դեպքը միակը չէ. մենք հանդիպել ենք նվիրատուների ցանկում հայտնված այլ անձանց ևս, որոնք տեղյակ չէին իրենց անունով կատարված գործարքից։

Մեկ անձի կողմից արվող նվիրատվության օրենքով թույլատրելի առավելագույն չափը 2.5 մլն դրամն է։ ՔՊ նախընտրական քարոզարշավի նվիրատվությունների գերակշիռ մասը՝ 87 տոկոսը, հավաքվել է 1 մլն դրամ և ավելի փոխանցումների արդյունքում, որոնցից մոտ 70 տոկոսը՝ 2.5 մլն դրամ նվիրաբերած 140 անձանց անուններով։

Մենք ուսումնասիրել և նույնականացրել ենք 1 մլն դրամը գերազանցող նվիրատվություն կատարած գրեթե բոլոր անձանց։

Տվյալների ուսումնասիրության արդյունքում նկատել ենք 3 օրինաչափություն.

  1. 1-ից 2.5 մլն դրամ նվիրաբերած անձինք ապրում են իրար մոտ հասցեներում։
  2. Մեծ գումարներ են նվիրաբերել բիզնես գործունեությամբ զբաղվող խոշոր ընկերություններին փոխկապակցված անձինք։
  3. Խոշոր նվիրատուներ են պաշտոնյաները, ավագանու թեկնածուները, ներկայիս անդամները և նրանց փոխկապակցված անձինք։

Ստորև առանձին կնկարագրենք յուրաքանչյուր օրինաչափությունը։

 

1-ից 2.5 մլն դրամ նվիրաբերած անձինք ապրում են իրար մոտ հասցեներում 

1 մլն դրամ և ավելի նվիրատվություն կատարած անձանց 87 տոկոսին նույնականացրել ենք՝ ըստ հասցեների։ Մեր կողմից նույնականացված անձանց 76%-ը հաշվառված է Երևանում։ Խոշոր նվիրատվություններ են արել նաև Կոտայքի մարզից (9.2%), Վայոց Ձորից (4%) և Արագածոտնից (4%)։

Տվյալների բաց աղբյուրների միջոցով նույնականացնելով նվիրատուներին՝ նկատեցինք, որ նրանց մի մասն ապրում է նույն կամ հարևան շենքերում։ Այս միտումը հատկապես նկատելի է Նոր Նորք վարչական շրջանում։ Օրինակ՝ Վիլնյուսի փողոցի միմյանց հարևան 3 շենքից 4 նվիրատու կա, Գայի և Մոլդովական փողոցների իրար հաջորդող 3 շենքերից 8 նվիրատու կա, որից 5-ը՝ նույն շենքից:

Նույն շենքում բնակվող այդ 5 անձանցից յուրաքանչյուրը 2.5 մլն դրամ է նվիրաբերել. նրանցից Տիգրան Դարբինյանը Երևանի Նոր Նորք վարչական շրջանի ղեկավարի նախկին տեղակալն է, ՔՊ ավագանու թեկնածու։

«Ինֆոքոմն» այցելել է ինչպես Նոր Նորքի, այնպես էլ Երևանի այլ վարչական շրջանների և մոտակա մարզերի հասցեներ, հանդիպել նվիրատվություն կատարած անձանց։

Հատկանշական է, որ մեր այցելած բնակարանների մեծ մասի պայմանները տեսնելով՝ դժվար էր պատկերացնել, որ այնտեղ բնակվող անձինք 2.5 մլն դրամ հավելյալ գումար կունենային՝ կուսակցությանը նվիրաբերելու համար։

Նվիրատուների առաջին արձագանքն էլ մեր հարցին հաճախ հետևյալն էր. «Մեզ որտեղի՞ց այդքան գումար»։  Երբ նշում էինք, որ իրենց անունն առկա է ՔՊ կուսակցությանը նվիրատվություն արած անձանց ցանկում, ինչ-որ դրվագ էին վերհիշում, խնդրում էին սպասել, մինչև զանգ կատարեն։ Այդ զանգերից հետո նվիրատուների մի մասն արդեն վստահաբար նշում էր, որ իրենք են կատարել դրամական փոխանցումը։

Բնակարաններից մեկում մեզ դիմավորեցին նվիրատուի ծնողները, զարմացան ու ասացին, որ հնարավոր չէ, որ իրենց որդին այդքան գումար փոխանցած լինի։

Մեր խնդրանքով ծնողները զանգեցին իրենց որդուն, նա ևս պատասխանեց, որ նվիրատվություն չի արել։ «Բայց ձեզ մի հարց էլի, որ դուք փող ունենայիք, ՔՊ-ին կտայի՞ք 2.5 մլն դրամ»,- հարցրեց նա։

Նույն փողոցի մեկ այլ բնակիչ հեռախոսազրույցում, լսելով հարցը, ասաց, որ փոխանցել է, բայց չի հիշում՝ որքան։ Հարցին, թե արդյոք չի հիշում՝ 2.5 մլն դրամ փոխանցե՞լ է, թե՞ ոչ, վերջինս հարցրեց՝ ցուցակում ո՞նց է գրված։ Գումարի չափը լսելուց հետո՝ ասաց. «Տեղս հարմար չի, հետո զանգեք, իմ գործարքները շատ են, թվերը չեմ հիշում, մի ժամից զանգեք»։

Նոր Նորք վարչական շրջանի հասցեներից մեկի բնակիչը, որի անունը կար նվիրատուների ցանկում, երկրում չէր։ Մայրը վստահեցրեց, որ ՔՊ-ին հաստատ չէր փոխանցի։ Հարցրինք՝ հնարավո՞ր է՝ փոխանցած լինի, ինքը տեղյակ չլինի, ասաց՝ չէ։ Հայրն էլ նշեց, որ չի փոխանցել, պետք է ՔՊ-ին հարցնել՝ ինչպես է որդու անունը հայտնվել ցանկում։

Նույն վարչական շրջանի հասցեներից մեկում մեզ դիմավորեցին նվիրատուի մայրն ու կինը։ Հարցը լսելով՝ անհանգստացան, ասացին, որ եթե նման նվիրատվություն արված լիներ, իրենք կիմանային։ Մեր խնդրանքով զանգեցին նվիրատուին, վերջինս մեզ հետ հեռախոսազրույցում ասաց, որ Ավագանու ընտրություններին «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության  վստահված անձ է եղել, բայց գումար չի փոխանցել։ Բայց նաև խնդրեց սպասել՝ ճշտում անի և հետ զանգի։ Քիչ անց զանգեց, ասաց, որ ինքն է փոխանցել գումարը, ոչինչ չգրենք այդ մասին։ «Եթե ինչ-որ հարց էլ լինի, էդ հարցերը կլուծեն»,- նշեց նվիրատուն՝ իհարկե, չասելով, թե ով կամ ինչ հարցեր կլուծի։

Նոր Նորք վարչական շրջանի մեկ այլ հասցեում մեզ դիմավորեց նվիրատուի կինը, ասաց, որ վստահ է, որ իրենք չեն փոխանցել։ «Ինչքան գործարքներ կան, ես իմ անունից եմ անում, ինքը գործարքային իրավունք չունի ներկա պահին։ Նրա անունով ոչ մի փոխանցում չի եղել և չի էլ կարող լինել», — ասաց նա՝ նշելով, որ ամուսնու հաշիվները կալանքի տակ են, գործարքներ անել չի կարող։

2.5 մլն դրամ փոխանցած նվիրատուներից մեկը զրույցի սկզբում չհիշեց՝ ինչի մասին է խոսքը։ Գումարի չափը լսելուց հետո զարմացավ, սակայն ասաց, որ դա իր գաղտնիքն է, և մեզ ոչինչ չի պատմի։ Նախ ասաց, որ ինքն է փոխանցել, հետո ասաց, որ ինչ-որ բան կա, բայց մեզ պատմել չի կարող։

Նոր Նորքի բնակիչներից մեկը, որ ավագանու ընտրություններին նաև ՔՊ վստահված անձ էր, «Ինֆոքոմի» հետ զրույցում ասաց, որ 1 մլն դրամ է փոխանցել, մինչդեռ մեզ տրամադրած ցուցակում իր անվան դիմաց նշված էր 2.5 մլն դրամ։

2.5 մլն դրամ էր փոխանցել կուսակցության մեկ այլ վստահված անձ նույն վարչական շրջանից։ Նրա հետ կապ հաստատեցինք հեռախոսով։ Հարցը լսելով՝ խնդրեց մի բան ճշտել, հետ զանգել ու այդպես էլ չզանգեց։

Ստորև ներկայացված քարտեզի նարնջագույն կետերը 1-2․5 միլիոն դրամ նվիրաբերած այն անձանց հասցեներն են, որոնց մենք նույնականացրել ենք (բացառությամբ պաշտոնյաների, ընկերությունների հետ փոխկապակցված անձանց)։ Համապատասխանաբար, վարչական շրջանները գունավորել ենք՝ ըստ Ավագանու ընտրությունների արդյունքում «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ստացած ձայների։ Մուգ երանգավորված վարչական շրջաններում ՔՊ կուսակցությունը ստացել է ավելի շատ ձայներ։

 

Մեծ գումարներ են նվիրաբերել բիզնես գործունեությամբ զբաղվող խոշոր ընկերություններին փոխկապակցված անձինք

1 մլն դրամից ավելի գումար նվիրաբերածների ցանկում քիչ չէին նաև բիզնես գործունեություն ծավալող հայտնի (կամ ոչ այնքան) ընկերությունների ներկայացուցիչներ, աշխատակիցներ, բաժնետերեր և տնօրեններ։

2.5 մլն դրամ փոխանցած 140 նվիրատուներից առնվազն 8-ը աշխատում են Հայաստանում ռեստորանային ոլորտի հայտնի ընկերություններից մեկում՝ «Երեմյան փրոջեքթսում»:

Մենք տեղեկություն ունենք, որ նվիրատվությունները ոչ թե աշխատակիցների անձնական միջոցներից են, այլ նրանց անունով այդ գումարները փոխանցել է ընկերությունը։

«Երեմյան փրոջեքթս»-ի՝ մարքեթինգի և հաղորդակցության տնօրեն Ռուբեն Սուքիասյանը «Ինֆոքոմին» հայտնեց, որ կազմակերպությունում որևէ վերահսկողություն չունեն մարդկանց քաղաքական հայացքների նկատմամբ, և իրենք ոչ մեկին չեն ուղղորդել։ «Եթե հարցը նրանում է՝ արդյո՞ք կազմակերպության կամ կազմակերպության ղեկավարի կողմից է գումարը տրվել, ապա միանշանակ, ո՛չ, որևէ աղերս դա չունի կազմակերպության հետ։ Իսկ արդյո՞ք ինչ-որ այլ մարդիկ են դա տվել որպեսզի այդ մարդիկ [կազմակերպության աշխատակիցները — խմբ.] փոխանցեն, գուցե իրենց անձնական ընկերները, բարեկամները կամ ինչ-որ մեկ այլ մարդ, սա ուղղակի այդ առումով զուգադիպություն է։ Այսինքն՝ եթե ընկերությունում աշխատում է 2.500 մարդ, միշտ կարող են նրանցից 8-ը, 10-ը, 5-ը միավորվել ինչ-որ մի բանի շուրջ և ինչ-որ մի բան իրականացնել, որի վրա մենք ոչ հսկողություն ունենք, ոչ էլ ցանկություն ունենք մարդկանց կյանքի այդ հատված մտնելու»,- նշեց Ռուբեն Սուքիասյանը։

«Երեմյան փրոջեքթսի»՝ ՔՊ-ին նվիրատվություն անելու շուրջ միավորված անձանց մեծ մասը, ի դեպ, զբաղեցնում են ընկերության ղեկավար պաշտոններ։

Գործարար, «Ջրաշխարհի» սեփականատեր Խաչիկ Խաչատրյանի հետ տարբեր ընկերություններում ներգրավված Աշխեն և Վերգինե Մաթևոսյանները 2.5-ական մլն դրամ են փոխանցել ՔՊ-ին։ Վերգինե Մաթևոսյանը և Խաչիկ Խաչատրյանը «Վիլլաշին» ՍՊԸ բաժնետերերն են։ Նույն ընկերության տնօրեն Արթուր Սարոյանը նույնպես 2.5 մլն դրամ է փոխանցել ՔՊ-ին։ Նույնքան գումար է փոխանցել նաև «Վիլլաշին» ՍՊԸ-ի հետ փոխկապակցված «Վիլլա մարկետ» ՍՊԸ տնօրեն Ալբերտ Միրզոյանը։

Թույլատրելի առավելագույն չափով նվիրատվություն է կատարել «Ջերմուկ գրուպ» ՓԲԸ գործադիր տնօրեն Վլադիմիր Պողոսյանը։

2.5-ական մլն դրամ նվիրատվություններով քարոզարշավի ֆինանսավորմանը մասնակցել են նաև Ջերմուկի համայնքապետարանի աշխատակազմի գլխավոր մասնագետ-տնտեսական զարգացման հարցերով պատասխանատու Ստեփանոս Վարդանյանը, աշխատակազմի ֆինանսատնտեսագիտական, եկամուտների հաշվառման և հավաքագրման բաժնի գլխավոր մասնագետ Սմբատ Պապոյանը, «Ջերմուկ համայնքի մարզամշակութային կենտրոն» ՀՈԱԿ-ի տնօրեն Գոռ Թադևոսյանը և «Ջերմուկի կոմունալ տնտեսություն» ՀՈԱԿ-ի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար, Ջերմուկի ավագանու անդամ Արտուշ Սիմոնյանը։

Նշենք, որ Ջերմուկ համայնքի ղեկավարը «Ջերմուկ գրուպ» ՓԲԸ-ի նախկին գործադիր տնօրեն, ՀՀԿ-ական նախկին պատգամավոր Աշոտ Արսենյանի որդին է՝ Վահագն Արսենյանը։ Վերջինս, համաձայն իրավաբանական անձանց պետական ռեգիստրի տվյալների, «Ջերմուկ գրուպ» ՓԲԸ իրական շահառուն է։

Բնակելի, հասարակական և արտադրական շենքերի շինարարությամբ զբաղվող «Զովեր քնսթրաքշն» ՍՊԸ-ի բաժնետերեր Վարդան Խաչատրյանը, Արտակ Խաչատրյանը և Արա Ավետիսյանը ՔՊ դրամահավաքին նվիրաբերել են 100-հազարական դրամ։ Արտակ և Վարդան Խաչատրյանների հետ մեկ այլ՝ «Միլկ պրոդուկտ» ՍՊԸ բաժնետեր Վահան Մկրտչյանը փոխանցել է 50 հազար դրամ։ «Զովեր քնսթրաքշնի» հետ փոխկապակցված «Զովեր սթաֆֆ» ընկերության տնօրեն Հակոբ Հակոբյանը նվիրաբերել է 2.5 մլն դրամ։ Նույնքան նվիրատվություն է կատարել նաև «Զովեր քնսթրաքշն» ընկերության տնօրեն Արմեն Ղազարյանը։

Իրավաբանական անձանց պետական ռեգիստրի տվյալների համաձայն՝ Արմեն Ղազարյանը նաև բնակելի, հասարակական և արտադրական շենքերի շինարարությամբ զբաղվող մեկ այլ՝  «Մագնոլիա կոմֆորտ 2» ՓԲԸ տնօրենն է։ Նույն ընկերության բաժնետեր Վահե Մելիքսեթյանը նույնպես նվիրաբերել է 2.5 մլն դրամ։ Մելիքսեթյանը «Վիզիվիգ» ՍՊԸ-ի նախկին տնօրենն է, որի նախկին բաժնետեր Հովհաննես Մկրտչյանը ևս նույնքան նվիրատվություն է կատարել։ «Վիզիվիգի» ներկայիս բաժնետեր Լիլիթ Մկրտչյանը նույն հասցեում է գրանցված «Զովեր Քնսթրաքշն» ՍՊԸ-ի բաժնետեր Արա Ավետիսյանի հետ։ Արմեն Ղազարյանը նաև «Էյ-Ջի-Էյջ Ղազարյաններ» ՍՊԸ-ի նախկին տնօրենն է։ Ընկերության ներկայիս տնօրենը՝ Գևորգ Ղարիբյանը, ՔՊ դրամահավաքին փոխանցել է 2.5 մլն դրամ։ ՔՊ-ին թույլատրելի առավելագույն չափով նվիրատվություն են կատարել «ՋիԷյԷյջ» ՍՊԸ-ի տնօրեն Գագիկ Ղազարյանը և նույն ընկերության նախկին բաժնետեր և տնօրեն Սմբաթ Նավոյանը։

2.4-ական մլն դրամ նվիրատվություն են կատարել «Մալխասյանց փաստաբանական կենտրոնի» բաժնետեր և տնօրեն Մինաս Մալխասյանը և աշխատակից Գրիգոր Մալխասյանը։ Կենտրոնի մեկ այլ աշխատակից  Կորյուն Մկրտչյանը փոխանցել է 2.3 մլն դրամ, իսկ փոխտնօրեն Նազիկ Մալխասյանը նվիրաբերել է 100 հազար դրամ։ Մինաս Մալխասյանը, Նազիկ Մալխասյանը  և Գրիգոր Մալխասյանը դատավոր Գուրգեն Մալխասյանի զավակներն են։ Վերջինս Ավագանու ընտրություններից մոտ մեկ ամիս անց առաջադրվել է Վճռաբեկ դատարանի դատավորի թեկնածու, սակայն չի ընտրվել։

Անվտանգության ապահովման մասնավոր գործունեություն իրականացնող «Արագ արձագանքման գվարդիա» ՍՊԸ նախկին բաժնետեր Զորիկ Սարգսյանը և նույն ընկերության ներկայիս բաժնետեր Ավետիս Առաքելյանը ՔՊ-ին փոխանցել են 2.5-ական մլն դրամ։

Նույնքան գումար են փոխանցել հաշվապահական հաշվառմամբ զբաղվող «Ջի Էմ Քեյ փարթներս» ՍՊԸ-ի բաժնետեր Կարեն Մովսեսյանը և նույն ընկերության տնօրեն Կարեն Գրիգորյանը։

Շինարարական գործունեություն ծավալող «Ստրոյ մաստեր Միխայիլ» ՍՊԸ բաժնետեր և տնօրեն Իվան Մինասուևը, նախկին բաժնետեր Միխաիլ Մինասուևը և նրանց եղբայրը՝ Նիկոլայ Մինասուևը ՔՊ դրամահավաքին փոխանցել են 2.5-ական մլն դրամ։ Մեր հարցին, թե արդյոք նվիրատվություն կատարել է, Միխաիլ Մինասուևը նախ ասաց, որ չի հիշում, քանի որ ինքը շատ նվիրատվություններ է անում։ Խնդրեց ցույց տալ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ուղարկած ցանկը։ Չհաստատելով կամ չհերքելով նվիրատվություն անելու փաստը՝ ասաց. «Ինչ-որ մի բան արել ենք, չեմ հիշում»։

Նվիրատուների հետ փոխկապակցված որոշ ընկերություններ ակտիվ մասնակցել են պետական գնումների։ Այդ ընկերություններին «Ինֆոքոմը» կանդրադառնա այլ հրապարակումներով։

 

Խոշոր նվիրատուներ են պաշտոնյաները և նրանց փոխկապակցված անձինք 

Երևանի քաղաքապետի առաջին տեղակալ Արմեն Փամբուխչյանը, որ նախընտրական շրջանում նաև կուսակցության շտաբի պետն էր, մինչև 2023 թվականի հունիսի 30-ը զբաղեցնում էր Արտակարգ իրավիճակների նախարարի պաշտոնը։ Ավագանու ընտրություններին ընդառաջ ՔՊ կուսակցությանը 2.5-ական մլն դրամ են փոխանցել Արտակարգ իրավիճակների նախարարության նախկին աշխատակիցներ Վազգեն Սիմոնյանը, Վահե Հարությունյանը, Արամ Սեմիրջյանը, Հովիկ Խաչոյանը և Գեղամ Բրսոյանը։ Վերջինս նաև ՔՊ ավագանու թեկնածու էր։

2.5 մլն դրամի չափով նվիրատվություն է կատարել Արմեն Սարգսյանը։ Նա Արմեն Փամբուխչյանի խորհրդականն էր մինչև ԱԻ նախարարության լուծարումը, իսկ հետո նշանակվել է Նոր Նորք վարչական շրջանի ղեկավարի տեղակալ։ Իրավաբանական անձանց պետական ռեգիստրի տվյալների համաձայն՝ Արմեն Սարգսյանը ուղևորափոխադրումներ իրականացնող «Ինտեռ տրանս» ընկերության բաժնետերն է։ Նույն ընկերության տնօրեն Կարինե Հարությունյանը ևս 2.5 մլն դրամ է նվիրաբերել։ Թույլատրելի առավելագույն չափով նվիրատվություն է կատարել Հարություն Բալյանը, որը ընկերական հարաբերություններ ունի Արմեն Փամբուխչյանի և Արմեն Սարգսյանի հետ։

1 միլիոնից ավելի նվիրատվություն կատարածների ցանկում հանդիպում են մի շարք պաշտոնատար անձինք։ «Հայանտառ» ՊՈԱԿ տնօրենի խորհրդական Վիգեն Չիլինգարյանը ՔՊ կուսակցությանն է նվիրաբերել 2.5  մլն դրամ։

1.5 մլն դրամ նվիրատվություն է կատարել ՊՆ «Զինառ» ՓԲԸ տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Արշակ Օրդուխանյանը, որը, փոխվարչապետ եղած ժամանակ, Սուրեն Պապիկյանի խորհրդականն էր։ Արշակ Օրդուխանյանը նաև ավագանու թեկնածու էր։

Շուկայի վերահսկողության տեսչական մարմնի ղեկավար Արմեն Կոտոլյանը, որը նաև ավագանու թեկնածու էր, 1 մլն դրամ է փոխանցել ՔՊ-ին։

Արտաշատ համայնքի ավագանու անդամ Սյուզաննա Սայադյանը նվիրաբերել է 2.5 մլն դրամ։ Հետաքրքիր է, որ 2022 թվականի տարեկան հայտարարագրի համաձայն՝ վերջինիս եկամուտը կազմել է 702 հազար 975 դրամ։ Այս եկամուտը նա ստացել է ՔՊ կուսակցությունից՝ որպես աշխատանքի դիմաց վարձատրություն։

Ի դեպ, ՔՊ-ի նախընտրական քարոզարշավին 2 մլն դրամ է նվիրաբերել նաև Հայաստանում Իսպանիայի հյուպատոս Արմինե Ադամյանը։

2.5 մլն դրամի չափով նվիրատվություն են կատարել նաև Երևանի քաղաքապետարանի աշխատակիցներ՝ Քաղաքաշինության և հողի վերահսկողության վարչության պետ Յակով Ասատրյանը և «Բնակչության հատուկ սպասարկում» ՀՈԱԿ-ի տնօրեն Հրաչյա Նազարյանը։ Իսկ քաղաքապետարանի առևտրի և ծառայությունների վարչության պետ Հովիկ Սաֆարյանը ՔՊ-ին փոխանցել է 100 հազար դրամ։

Քաղաքապետ Տիգրան Ավինյանը նվիրատվություն չի կատարել, փոխարենը՝ հայրը՝ Արմեն Ավինյանը, փոխանցել է 2 մլն դրամ։ Երևանի ավագանու` ՔՊ խմբակցության ղեկավար Արմեն Գալջյանի եղբայրը՝ Տիգրան Գալջյանը, նվիրաբերել է 2.3 մլն դրամ։

Երևանի ավագանու անդամ Լուսինե Գևորգյանը փոխանցել է 2.5 մլն, իսկ ավագանու մեկ այլ անդամ, Ուռուցքաբանության ազգային կենտրոնի տնօրեն Նարեկ Մանուկյանը՝ 1 մլն դրամ։

Վարչական շրջանների ղեկավարների փոխանցումները տատանվում էին 200 հազարից 1.7 մլն դրամի սահմաններում։ 200 հազարական դրամներ են փոխանցել Աջափնյակ վարչական շրջանի ղեկավար Կամսար Բաբինյանը, Ավան վարչական շրջանի ղեկավար Վահե Հակոբյանը, Արաբկիր վարչական շրջանի ղեկավար Արամ Ազատյանը և Կենտրոն վարչական շրջանի ղեկավար Սամվել Ղուկասյանը։ Նորք-Մարաշ վարչական շրջանի ղեկավար Միքայել Օհանյանը փոխանցել է 400 հազար դրամ, Նուբարաշեն վարչական շրջանի ղեկավար Անդրանիկ Գասպարյանը՝ 550 հազար դրամ, Շենգավիթ վարչական շրջանի ղեկավար Ռազմիկ Մկրտչյանը՝ 300 հազար դրամ, իսկ Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի ղեկավար Արտակ Հովակիմյանը փոխանցել է 1,7 մլն դրամ։

Շռայլ փոխանցումներով աչքի է ընկել Նոր Նորք վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմը։ Եկամուտների հաշվառման և հավաքագրման բաժնի պետ Գևորգ Բաղդասարյանը և Քաղաքաշինության և հողօգտագործման բաժնի պետ Լևոն Շահնազարյանը փոխանցել են 2.5-ական մլն դրամ։ Գևորգ Բաղդասարյանից փորձեցինք ճշտել՝ ի՞նքն է փոխանցել գումարը և ի՞նչ միջոցներով։ Հարցը լսելուց հետո ասաց, որ մի փոքր ուշ հետ կզանգի։ Ավելի ուշ կրկին զանգեցինք, վրդովված պատասխանեց, որ այլևս այդ հարցով իրեն չզանգենք։

Նոր Նորք վարչական շրջանի առևտրի, ծառայությունների և գովազդի բաժնի պետ Սարգիս Նազարյանը ՔՊ կուսակցությանը նվիրաբերել է 2.4 մլն դրամ։ Վերջինս ավագանու ընտրությունների ՔՊ կուսակցության վստահված անձ էր։ Նույն վարչական շրջանի Քաղաքաշինության և հողօգտագործման բաժնի նախկին պետ Գագիկ Աբաջյանը փոխանցել է 2.3 մլն դրամ։

Դրամահավաքի նվիրատուների շարքում են նաև ՔՊ կուսակցության 88 ավագանու թեկնածուներ, որոնց նվիրատվությունները տատանվում են 20 հազարից մինչև 2.5 մլն դրամի սահմաններում։

Փաստերի համադրությունն ու տվյալների ուսումնասիրությունը ցույց են տալիս, որ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախընտրական քարոզարշավի ֆինանսների մի մասի աղբյուրն առնվազն կասկածելի է։

Ուսումնասիրության արդյունքում կարող ենք արձանագրել, որ կազմակերպված մեխանիզմի գործադրմամբ անհայտ ծագման գումարներ են ուղղվել ՔՊ նախընտրական քարոզարշավի ֆինանսավորմանը՝ երբեմն գործընթացից ընդհանրապես անտեղյակ քաղաքացիների անվան տակ։

«Կուսակցությունների մասին» օրենքի համաձայն՝ նախընտրական քարոզարշավի համար նվիրատվությունները պետք է փոխանցվեն բացառապես անկանխիկ եղանակով։ Օրենքի այս կետը նպատակ ունի թափանցիկ և հետագծելի դարձնել փոխանցվող նվիրատվության ծագումը։

«Ինֆոքոմը» ՔՊ կուսակցությանը գրավոր հարցել էր, թե ինչպես են ապահովել նվիրատվությունների անկանխիկ փոխանցումը դրամահավաք-երեկոյի ընթացքում։ Հարցմանն ի պատասխան՝ նշել են. «Դրամահավաքին նվիրատվությունների հավաքագրումը կազմակերպելու համար ներգրավվել են «Հայէկոնոմբանկի» աշխատակիցներ, որոնք էլ ապահովել են նվիրատվությունների փոխանցումը կուսակցության հաշվեհամարին։ ՔՊ կուսակցության հաշիվները սպասարկվում են «Հայէկոնոմբանկի» կողմից»,- նշված է պատասխանում։

«Հայէկոնոմբանկի» աշխատակիցները, փաստորեն, կուսակցության նվիրատուներին «օգնել են» փոխանցումներ կատարել ոչ միայն դրամահավաք-երեկոյի ընթացքում, այլ նաև դրանից դուրս։ Նշենք, որ «Հայէկոնոմբանկի» բաժնետերերից է ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Խաչատուր Սուքիասյանը։ Վերջինս և իր եղբայրները հանդիսանում են բանկի վերջնական վերահսկող։

Երեկ կապ հաստատեցինք «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության նախագահի տեղակալ Վահագն Ալեքսանյանի հետ։ Նկարագրեցինք, որ հանդիպել ենք ՔՊ նվիրատուների ցանկում հայտնված անձանց, որոնք նշել են, որ իրենք նվիրատվություն չեն արել։ Վահագն Ալեքսանյանը նախ խնդրեց հայտնել այդ անձանց անունները, որ կարողանա ճշտել։ Աղբյուրը չբացահայտելու վերաբերյալ մեր արձագանքին Ալեքսանյանը պատասխանեց, որ միգուցե ճիշտ անձանց չենք նույնականացրել։

Մեր դիտարկմանը, որ նույն կամ մոտ շենքերում բնակվող անձանց անուններից որոշակի օրինաչափությամբ նվիրատվություններ են արվել, Վահագն Ալեքսանյանը պատասխանեց. «Ես չեմ կարող ասել, կարող է ստացված լինի այնպես, որ մի քանի հոգու գումար նույն պահին ուղղակի մեկի անունով են մուտք արել բանկի աշխատակիցները, որ ժամանակ խնայեն, դա էլ չեմ բացառում»։

Ճշտող հարցին, թե արդյո՞ք ՔՊ նախընտրական քարոզարշավի նվիրատվությունները հավաքագրվել են միայն հուլիսի 31-ի դրամահավաք-երեկոյի ժամանակ, Ալեքսանյանը պատասխանեց. «Ո՛չ, որովհետև դեպքեր են եղել, երբ տարածքային գրասենյակի կուսակցականները հավաքել են, մեկի հետ ուղարկել են։ Այդպես էլ է եղել»։

Կրկին ճշգրտեցինք, թե արդյո՞ք վերջնարդյունքում դրամահավաքի նվիրատվությունները մուտք են արվել երեկոյի ընթացքում, Ալեքսանյանը պատասխանեց՝ այո՛, միայն ավելացրեց, որ որոշակի անճշտություններ են եղել, և հաջորդ օրը բանկ գնալու առիթ է եղել։ Հարցին, թե ինչ անճշտություններ են դրանք, Ալեքսանյանը խնդրեց գրավոր դիմել։

Առավել բովանդակային պատասխան ստանալու ակնկալիքով Վահագն Ալեքսանյանի հետ պայմանավորվեցինք, որ գրավոր կուղարկենք մեր հարցերը և կսպասենք դրանց պատասխանին մինչև այսօր՝ ժամը 17:00-ն։ Մինչև պայմանավորված ժամը, սակայն, որևէ պատասխան չստացանք «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունից։

 

Ավագանու ընտրությունների նախընտրական ֆինանսների օրինականությունը պետությունը կարող է պարզել ընտրություններից 8 ամիս անց

«Կուսակցությունների մասին» օրենքի համաձայն՝ կուսակցություններն իրենց տարեկան հաշվետվությունները ներկայացնում են Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողով (ԿԿՀ) մինչև հաշվետու տարվան հաջորդող մայիսի 31-ը։ ԿԿՀ-ն, համադրելով կուսակցության հաշվետվությունը այլ աղբյուրներից (ներառյալ բանկային տվյալներ) ստացված տեղեկությունների հետ, իրականացնում է կուսակցության ֆինանսական գործունեության վերահսկողությունը և տարեկան հաշվետվության ստուգումը։

«Ինֆոքոմն» ավելի վաղ անդրադարձել էր Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի և Կենտրոնական ընտրական հանձնաժողովի վերահսկողական գործառույթին՝ հարցադրմամբ, թե արդյո՞ք նախընտրական շրջանում նվիրատուների ցանկը չհրապարակելը չի նվազեցնում ընտրական գործընթացի թափանցիկությունը։

Այդ ժամանակ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ, ՔՊ նախկին պատգամավոր Վահագն Հովակիմյանը, անդրադառնալով այդ մտահոգությանը, ասել էր. «Ձեր ցանկությունն է, որ երբ դուք որևէ հրապարակում ունենաք, որևէ բան բացահայտեք որևէ կուսակցության հետ կապված, դա ազդի այդ կուսակցության ընտրության արդյունքների վրա։ Դուք քաղաքական ուժերին վերաբերվում եք որպես պոտենցիալ հանցագործների»։

Հովակիմյանը մեզ հետ զրույցում նշել էր նաև, որ եթե լրագրողների նպատակն է թափանցիկ գործընթաց ապահովել, ապա նրանց համար մեծ տարբերություն պետք է չլինի՝ նվիրատուների ցանկը ուսումնասիրել ընտրությունների ընթացքու՞մ, թե՞ դրա ավարտից շուրջ 8 ամիս անց։

Ավագանու ընտրությունների ավարտից շուրջ 4 ամիս անց պարզ է դառնում, որ ընտրությունների ընթացքում ՔՊ նախընտրական քարոզարշավը ֆինանսավորվել է անհայտ աղբյուրներից՝ կասկածելի գործարքների միջոցով։

 

Please enter a valid URL