Ադրբեջանի իշխանությունները ԵԱՀԿ դիտորդական առաքելության շվեյցարացի պատվիրակին ձերբակալել, ապա արտաքսել են երկրից, պաշտոնական Բեռնն առայժմ չի մեկնաբանում լուրը։
Շվեյցարիայի խորհրդարանի պատգամավոր Նիկ Գուգերը Բաքու է ժամանել շաբաթ օրը ԵԱՀԿ դիտորդների կազմում՝ նախապես ունենալով համապատասխան հավատարմագիր և թույլտվություն։ Բաքվի օդանավակայանում, սակայն, ոստիկանները նրան ձերբակալել են, առգրավել անձնագիրը, ապա ժամեր անց արտաքսել Թուրքիա։ Քաղաքական գործիչն իր դիվանագիտական անձնագիրը ստացել է միայն Ստամբուլ հասնելուց հետո։
Սկանդալի այս մանրամասները հրապարակում է շվեյցարական «Բլիք» պարբերականը, որի հարցումներին Շվեյցարիայի արտգործնախարարությունն ու այդ երկրում Ադրբեջանի դեսպանությունը դեռևս չեն արձագանքել։ Շվեյցարիայի դիվանագիտական գերատեսչությունը միայն նշել է, որ հարցով զբաղվում է դիվանագիտական խողովակներով։
Պաշտոնական Բաքուն ևս մինչ այս պահը չի պարզաբանել՝ ինչու է եվրոպացի քաղաքական գործիչն արտաքսվել։ Միջադեպը դեռևս չի մեկնաբանել նաև ԵԱՀԿ-ը։
Շվեյցարիայի Ավետարանական ժողովրդական կուսակցության ազգային խորհրդի անդամ Նիկ Գուգերը նաև Եվրախորհրդի խորհրդարանական վեհաժողովի անդամ է։ Կառույցն անցած օրերին մեկ տարով սառեցրել է ադրբեջանական պատվիրակության մասնակցությունը Վեհաժողովի աշխատանքներին՝ պատճառների թվում նշելով Լեռնային Ղարաբաղի բնակչության դեմ պատերազմը, Ադրբեջանում մարդու իրավունքների խնդիրները, քաղբանտարկյալների աճող թիվը։