Ուրբաթ ԱՄՆ-ն հարվածներ է հասցրել Իրաքում եւ Սիրիայում գտնվող 85 օբյեկտների, որոնք «օգտագործվում են իրանական ուժերի եւ Իրանի կողմից աջակցվող զինյալների կողմից»՝ ի պատասխան Հորդանանում անցած հանգստյան օրերին ամերիկացի երեք զինվորականների սպանության, տեղեկացրել է NBC News-ը՝ հղում կատարելով ամերիկյան աղբյուրներին։
ԱՄՆ Զինված ուժերը հարվածներ են հասցրել յոթ օբյեկտների՝ կապված տարածաշրջանում ամերիկյան զորակազմի դեմ հարձակումների հետ, լրագրողներին տեղեկացրել է Ազգային անվտանգության խորհրդի պաշտոնական ներկայացուցիչ Ջոն Քիրբին։ ԱՄՆ կենտրոնական հրամանատարությունը հայտնել է, որ այդ օբյեկտներից են եղել հրամանատարական եւ վերահսկիչ կետեր, հետախուզական կենտրոններ, հրթիռներ եւ հրթիռակիրներ, ինչպես նաեւ անօդաչուների կայանատեղեր։
ԱՄՆ ՊՆ-ն մարտական գործողությունների վնասի գնահատման փուլում է, «բայց մենք կարծում ենք, որ հարվածները հաջող են եղել», ասել է Քիրբին։
Նրա խոսքով՝ հարվածները հասցվել են 30 րոպեի ընթացքում, գործադրվել է ավելի քան 125 գերճշգրիտ զինամթերք։ Թիրախներից երեքը գտնվել են Իրաքում, չորսը՝ Սիրիայում։
«Մենք հարվածել ենք հենց այն թիրախներին, որոնց ցանկանում էինք հարվածել»,- հեռուստաալիքին ասել է Շտաբների պետերի միավորված կոմիտեի տնօրեն, գեներալ-լեյտենանտ Դուգլաս Սիմսը։
«Մեր պատասխան միջոցները սկսվել են այսօր։ Դրանք կշարունակվեն ցանկացած ժամանակ եւ ցանկացած տեղում, ըստ մեր ընտրության,- նշված է նախագահ Ջո Բայդենի ուրբաթ հրապարակված հայտարարությունում։- Միացյալ Նահանգները հակամարտության չի ձգտում Մերձավոր Արեւելքում կամ որեւէ այլ տեղ աշխարհում։ Բայց թող բոլոր նրանք, ովքեր ցանկանում են մեզ վնաս պատճառել, իմանան հետեւյալը։ Եթե դուք վնաս հասցնեք ամերիկացուն, մենք կպատասխանենք»։
ԱՄՆ գիշերային հարվածների հետեւանքով Սիրիայում զոհվել է 18 զինյալ՝ Մեծ Բրիտանիայում տեղակայված «Մարդու իրավունքների սիրիական դիտարանի» տվյալներով, տեղեկացրել է Al Jazeera-ն։
ԱՄՆ զինվորականները նշել են, որ հարվածների հետեւանքով զոհեր են եղել։
Ավելի վաղ ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի վարչակաղմը հասկացրել էր, որ ԱՄՆ-ն ռազմական գործողություններ կձեռնարկի Հորդանանում ամերիկյան ռազմակայանի դեմ անօդաչուի գրոհից հետո, որի հետեւանքով վիրավորվել էր ավելի քան 40 մարդ։ Ուրբաթ Բայդենը ներկա է եղել երեք զոհված ամերիկացիների վերադարձի արարողությանը Դուվրի ավիակայանում։