Վարչապետ Նիկոլ Փաշինյանը երեկ հարցազրույց էր տվել Հանրային ռադիոյին: Քննարկման առանցքում Հայաստանի անվտանգային միջավայրի առանցքային հայեցակարգային հարցերն էին, Հայաստանի առաջ կանգնած անվտանգային մարտահրավերները, դրանց լուծման ուղիները: Սակայն, հարցազրույցի հիմնական շեշտադրումներից պարզ դարձավ, որ Փաշինյանն այդ բոլոր խնդիրների լուծումը տեսնում է մեկ ճանապարհով՝ Հայաստանի երրորդ հանրապետության ապամոնտաժման միջոցով:
Ակնհայտ է, որ Նիկոլ Փաշինյանը որոշել է բացահայտ վա բանկ գնալ՝ կատարելով թուրք-ադրբեջանական տանդեմի կողմից առաջ քաշված պահանջները և խմբագրել Անկախության հռչակագիրը: Բանն այն է, որ Հայաստանի խորհրդարանը դեռևս 1989 թ. դեկտեմբերի 1-ին ճանաչել է Արցախի «ինքնորոշման փաստը», 1992 թ. հուլիսի 8-ի որոշմամբ վերահաստատել է իր այդ դիրքորոշումը, և 1995 թ. հուլիսի 5-ին ընդունված Սահմանադրության նախաբանով որպես հիմք է ընդունել Հայաստանի անկախության մասին հռչակագրում հաստատագրված համազգային նպատակները, որոնց մեջ առանձնահատուկ տեղ է զբաղեցնում Արցախի ինքնորոշումը, ապա ՀՀ որևէ իշխանություն իրավունք չունի ձեռնարկել որևէ գործողություն, որն ուղղված կլինի Արցախի ինքնորոշման փաստի ժխտմանը: Հայաստանի Հանրապետության կողմից կնքած որևէ նման պայմանագիր կհակասի Հայաստանի Սահմանադրության նախաբանին և Հայաստանի անկախության մասին հռչակագրին: Եվ հենց այդ պատճառով է, որ նոր Սահմանադրությունը Փաշինյանին օդի ու ջրի պես է անհրաժեշտ:
Փաշինյանն իր հարցազրույցի ընթացքում զերծ չի մնացել նաև մի շարք մանիպուլյացիաներից: Դիցուք՝ նա հայտարարում է, որ մինչև չհրաժարվենք Արցախի և Հայաստանի վերամիավորման գաղափարից՝ խաղաղություն չենք ունենալու: Սակայն, ակնհայտ է, որ խաղաղություն չենք ունենալու այնքան ժամանակ, մինչև Հայաստանը միջազգային հարաբերությունների օբյեկտից կրկին չվերածվի սուբյեկտի և չստիպի աշխարհաքաղաքական հիմնական խաղացողներին և Ադրբեջանին՝ հաշվի նստել իր հետ: Մյուս մանիպուլյացիան վերաբերվում էր ՀՀ օրհներգի մեջ թշնամի բառին, որը, ըստ Փաշինյանի, ձևավորում է մեր ազգի նկատմամբ հարևանների ընկալումները: Տեղյա՞կ է արդյոք Փաշինյանը, որ Ադրբեջանի օրհներգն ամբողջությամբ պատերազմի մասին է: Կամ տեղյա՞կ է արդյոք Փաշինյանը, որ իր նորաթուխ դաշնակից Ֆրանսիայի օրհներգը «Մարսելյեզի» տեքստը մի «սարսափ կինո է», որտեղ հողը ներկվում է արյամբ, ջարդվում են թշնամիների գլուխները, իսկ թշնամիներն էլ սպանում են կանանց և երեխաներին: Մեկ այլ օրինակ՝ Գերմանիայի արդի հիմնից երգում են միայն երրորդ տունը, որովհետև առաջին տան մեջ՝ «Գերմանիան բոլորից վեր է» հայտնի արտահայտությունն է, որը ժամանակի ընթացքում կապվել է նացիզմի հետ: Բայց չնայած դրան, գերմանացիք չեն փոխել բուն հիմնը, նույն երաժշտությունն է, նույն երգն է, միայն թե բաց են թողնում նշված տողերը: Արդյո՞ք չէին կարող պարզապես փոխել, նոր հիմն ստեղծել: Բնականաբար, ով՝ ով, բայց գերմանացիք, որոնք աշխահին տվել են լավագույն արդի կոմպոզիտորներին, հաստատ կարող էին ունենալ նոր հիմն՝ հինը կիսատ-պռատ երգելու փոխարեն: Բայց չնայած նույնիսկ նրան, որ այդ երգը կապվում է նացիզմի հետ, այն գերմանական պատմության, ինքնության մասն է, ու շարունակում է մնալ Գերմանիայի օրհներգը: Հետևաբար Փաշինյանի՝ ՀՀ օրհներգում թշնամի բառի առկայության շահարկումը պարզ մանիպուլյացիա է՝ միտված հայ ազգային ինքնության ոչնչացումը արդարացնելուն:
Ոչ պակաս կարևոր էին նաև Փաշինյանի հարցազրույցի ընթացքում հնչեցրած արտաքին քաղաքական մեսիջները: Ակնհայտ է, որ վարչապետը չի պատրաստվում հրաժարվել արկածախնդիր արտաքին քաղաքականություն վարելուց և Հայաստանը ՌԴ-ից կտրելուց: Ըստ նրա՝ նախկինում մեր պաշտպանական ոլորտի հարաբերությունների 95-97%-ը ՌԴ-ի հետ էր, հիմա այդպես չի կարող լինել՝ և՛ օբյեկտիվ, և՛ սուբյեկտիվ պատճառներով։ Ըստ էության, Փաշինյանը ցանկանում է դիվերսիֆիկացնել ռազմատեխնիկական բնույթի հարաբերությունները, սակայն գլխավոր խնդիրը կայանում է նրանում, որ Արևմուտքն այս առումով Հայաստանին գրեթե ոչինչ չի կարող առաջարկել: Ավելին՝ Հարավային Կովկասում ՆԱՏՕ հատուկ ներկայացուցիչ Խավիեր Կոլոմինայի վերջին հարցազրույցից պարզ դարձավ, որ դաշինքը չի պատրաստվում պաշտպանել ՀՀ–ի շահերն ընդդեմ իր անդամ Թուրքիայի: Անգամ եթե Արևմուտքը համաձայներ Հայաստանին զենք մատակարարել՝ դա բավական թանկ էր նստելու ՀՀ–ի բյուջեի վրա, մինչդեռ ՌԴ-ից Հայաստանը զենք ստանում է արտոնյալ պայմաններով: Իսկ ինչ վերաբերվում է ռուսական և արևմտյան զինատեսակների որակական համեմատությանը, ապա ուկրաինական ռազմաճակատում գրեթե յուրաքանչյուր օր ապացուցվում է առաջինի որակական առավելությունը երկրորդի համեմատ:
Ամփոփելով՝ փաստենք, որ Փաշինյանը, տեղի տալով թուրք-ադրբեջանական տանդեմի պահանջներին, ակնհայտ կերպով պատրաստվում է սահմանադրական հանրաքվեի, որպեսզի հետագայում Արցախի դե-յուրե հանձնումը փաթափի ժողովրդի վզին: Իր օրակարգը նա առաջ է տանում՝ հիմնավորելով, որ հակառակ դեպքում պատերազմն անխուսափելի է, սակայն հասկանալի է, որ ագրեսորին Սահմանադրություն փոխելով չես կանգնեցնի․ հարձակվում են, երբ իրենց առջև թուլություն են տեսնում: Իսկ երրորդ Հանրապետությունն ապամոնտաժող Փաշինյանի իշխանությունը թուլացրել է Հայաստանը, ինչից էլ այսօր լիարժեքորեն օգտվում են մեր հակառակորդները:
lurer.com