Ազգային առաջընթաց խմբակցության համար անակնկալ է եղել փետրվարի 5-ին Երևանի ավագանու արտահերթ նիստի օրակարգում Հայկ Մարությանի լիազորությունները վաղաժամ դադարեցնելու մասին նախագիծը։ Խմբակցության քարտուղար Իզաբելլա Աբգարյանը NEWS.am-ին հայտնեց, որ մինչև այդ քաղաքապետարանից որևէ ծանուցում չեն ստացել բացակայությունների համար տեղեկանք ներկայացնելու վերաբերյալ։
«Միանգամից ստացել ենք նախագիծը, ինչը մեր համար անսպասելի էր»,- նշեց Աբգարյանը, ավելացնելով, որ Հայկ Մարությանին նախագիծը չի զարմացրել, քանի որ դեռ դեկտեմբերի նիստին նրան թույլ չտվեցին անգամ ելույթն ավարտել։ «Կեսից անջատեցին, չդիմացան։ Իշխանության այս ոճը ինձ չի զարմացնում։ Սա խոսում է մանրախնդրության, էժանության մասին»,- հայտարարեց Իզաբելլա Աբգարյանը։
Նա չի բացառում, որ ՔՊ-ին հաջողվի դադարեցնել Հայկ Մարությանի լիազորությունները։ Դա հնարավոր կլինի, եթե «Հանրային ձայնը» մասնակցի արտահերթին, այսինքն՝ քվորում ապահովվի։
Սակայն Իզաբելլա Աբգարյանի խոսքով՝ եթե անգամ Հայկ Մարությանի լիազորությունները դադարեցվեն, դա արդյունք չի տալու: «Եթե իրենց դիսկոմֆորտ էր երկու անգամ Մարությանի հայտնվելը քաղաքապետարանում և նրա խիստ ընդդիմադիր ելույթները, ապա այդ առումով էլ չեն կարող արդյունք ունենալ, որովհետև մեր խմբակցությունն իրավունք ունի, այդ թվում նաև նիստերին, հրավիրելու և ձայնի իրավունք տալու ցանկացած մարդու։ Իսկ քաղաքապետարանի շենքը, որքան էլ իրենք համարեն իրենցը, նույնքան էլ մերն է»,- նշեց Իզաբելլա Աբգարյանը։
Նշենք, որ Հայկ Մարությանի գլխավորությամբ այսօր երեկոյան խմբակցությունը ժողով է անելու՝ հստակեցնելու փետրվարին 5-ի արտահերթ նիստին մասնակցելու կամ չմասնակցելու հարցը, նաև դիրքորոշումը Հայկ Մարությանի լիազորությունները վաղաժամկետ դադարեցնելու վերաբերյալ։ Ժողովին մշակելու են նաև իրենց հետագա ռազմավարությունը։