Շիրակի մարզի Ախուրյան համայնքի բնակիչները սգում են ղարաբաղա-ադրբեջանական սահմանին փետրվարի 22-ի առավոտյան դիրքում մարտական պարտականությունները կատարելիս հակառակորդի կրակոցից զոհված Գրիգոր Կարապետի Եղոյանի կորուստը, գրում է galatv.am:
Եղոյանների ընտանիքը տարիներ շարունակ ապրում էր ՌԴ-ում, Գրիգորը Հայաստան եկել էր հայրենիքի հանդեպ պարտքը կատարելու համար: 1.6 տարվա ծառայող էր, շուտով պետք է տուն վերադառնար: Հարազատներն անհամբեր սպասում էին, օրերը հաշվում: Մի քանի ամիս առաջ էր արձակուրդ եկել, գյուղում ապրող բարեկամներին, մոտ հարևաններին պատմել էր, որ ծառայությունը շատ լավ է անցնում, խնդիրներ չկան, միայն թե հակառակորդն է պարբերաբար կրակում հայկական դիրքերի ուղղությամբ:
Սակայն թշնամու հերթական ակտիվությունն Արցախի Մարտակերտի շրջանի դիրքերից մեկում ճակատագրական եղավ Գրիգորի համար: Մարտական հերթապահությունը կատարելիս նա զոհվեց թշնամու երկու գնդակից, երկրորդն անմիջապես սրտին էր դիպել: