ՀՀ էկոնոմիկայի նախարարության կողմից դեռևս 2022 թվականին հայտարարված «Հանրային ներդրումային ծրագրերի բանկի ստեղծման» ծառայության ձեռքբերման մրցույթին մասնակցող ընկերությունները եղել են «Սիներջի»-ն և «Հարմոնիա» տեղեկատվական տեխնոլոգիաների և կրթության զարգացման հիմնադրամը։ NEWS.am-ը տեղեկացավ, որ այդ մրցույթն այնքան էլ «հարթ» պայմաններում չի ընթացել, ինչի հետևանքով էլ, ըստ էության, երեկվանից Էկոնոմիկայի նախարարությունում և «Սիներջի»-ում խուզարկություններ, ձերբակալություններ, ապա կալանավորումներ են տեղի ունենում։
Ի՞նչ խնդիրներ են առաջացել մրցույթի գործընթացում։
Նախարարությունը հայտարարել է երեք փուլից բաղկացած մրցույթ, որին նախորդել է նախաորակավորման փուլ։ Դրան մասնակցել են և՛ «Հարմոնիան», և՛ «Սիներջին», 2022 թվականի հոկտեմբերին հաղթահարել են այն, ու առաջին փուլի հրավեր ստացել, որի ընթացքում ներկայացրել են իրենց առաջարկները։ Այնուհետև նախարարությունը մասնակիցներին հրավիրել է մրցույթի երկրորդ փուլին, որի համար, սակայն, նախարարությունն անսպասելիորեն որակավորման նոր չափանիշներ է սահմանել։ «Հարմոնիա»-ն, համարելով դրանք գնումների մասին ՀՀ օրենսդրությանը հակասող պահանջներ, դիմել է նախարարությանը՝ առաջարկելով փոփոխել դրանք։ Նախարարությունը դրանից հետո որոշակի շտկումներ է արել, բայց պահպանել է հիմնական փոփոխությունը։ Երրորդ փուլին մասնակցելու համար կրկին նույն ընկերություններն են դիմել, նախարարությունը հիմնադրամի հայտը գնահատվել է անբավարար և մերժել։ Մինչդեռ «Հարմոնիա»-ն ներկայացրել է «Սիներջի»-ից շուրջ 3 անգամ ավելի ցածր գնային առաջարկ։
Մրցույթից իրենց դուրս թողնելու որոշումը «Հարմոնիան» վիճարկել է Քաղաքացիական դատարանում և հայց ներկայացրել ընդդեմ Էկոնոմիկայի նախարարության։ NEWS.am-ը Դատական-տեղեկատվական համակարգից տեղեկանում է, որ «Հարմոնիան» հայցի 2 հիմք է ներկայացրել․
Հիմնադրամը պնդում է, որ նախ երրորդ փուլում նախարարությունն իրավունք չուներ պայման փոփոխելու, քանի որ մրցույթի պայմանները սահմանվում են առաջին փուլում, բացի այդ անգամ փոփոխված պահանջների դեպքում հիմնադրամին դուրս թողնելու հիմքեր չեն եղել, քանի որ այն ամեն դեպքում համապատասխանում էր պահանջներին։
Դատարանը՝ նախագահությամբ դատավոր Էդուարդ Ամալյանի, 2023 թվականի հունիսի 20-ին վճռել է բավարարել «Հարմոնիա»-ի հայցն ընդդեմ Էկոնոմիկայի նախարարության, անվավեր ճանաչել «Հարմոնիա»-ին դուրս թողնելու, «Սիներջիին» հաղթող ճանաչելու, ինչպես նաև այդ ընկերության հետ պայմանագիր կնքելու մասին որոշումները։ Դատական պրոցեսի ընթացքում որպես պատասխանող կողմ հանդես եկող Էկոնոմիկայի նախարարությունը առարկելով հայցապահանջի դեմ, պնդել է, որ իրենք «Հարմոնիա»-ի հայտը մերժել են հրավերի նվազագույն պահանջների չբավարարման հիմքով՝ առանց օրենքի խախտումների։
Դատարանի վճռից 2 ամիս անց մրցույթի գնահատող հանձնաժողովը որոշում է կայացրել բավարարելու «Հարմոնիա»-ի հայտը և պայմանագիր կնքելու նրա հետ։ Դրանից մեկ ամիս անց այս որոշումները չեղարկելու պահանջով նախարարության դեմ հայց է ներկայացրել «Սիներջի» ընկերությունը։ Դատարանը չի բավարարել «Սիներջիի» հայցը։ Որոշումը կայացվել է դեկտեմբերի 26-ին։
Որոշումից շուրջ մեկ ամիս անց «Հարմոնիա»-Էկոնոմիկայի նախարարություն-«Սիներջի» վեճը տեղափոխվեց քրեական հարթություն։ Քրեական վարույթ է հարուցվել պաշտոնյաների կողմից պաշտոնեական դիրքը չարաշահելու հատկանիշներով։ Ըստ նախաքննության՝ հաղթող ընկերությունը (խմբ․ «Սիներջին») դրդել և օժանդակել է նախարարության պաշտոնյաներին, որպեսզի նրանք ընկերության օգտին որոշում կայացնելու պայմաններ ստեղծեն։
Գործով թե քանի պաշտոնյա է ձերբակալվել հայտնի չէ, նրանց թվում է արդեն նախկին փոխնախարար Անի Իսպիրյանը, որը պաշտոնից ազատվեց ձերբակալությունից ժամեր առաջ։ Գործով անցնում են նաև «Սիներջի» ընկերության տնօրենն ու տենդերին դիմելու գործընթացում ներգրավված երկու աշխատակիցներ։ Բացի այդ ձերբակալվել, ապա կալանավորվել է նաև ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի եղբոր կինը՝ Անի Գևորգյանը, որը, ըստ լրատվամիջոցների տեղեկությունների, տենդերին դիմելու շրջանում եղել է «Սիներջի»-ի ծրագրերի ղեկավարը։