ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն առաջարկում է ոչ թե Ադրբեջանի, այլ մեր մյուս հարևանների տեսանկյունից նայել այն հարցին, թե ինչ է նշանակում «Անկախության հռչակագրում» արձանագրված պատմական արդարության վերականգնումը։
«Ի՞նչ է նշանակում պատմական արդարություն վերականգնել։ Հայաստանի Հանրապետությունը ՀԽՍՀ տարածքում հռչակում է անկախություն և ասում է, որ մենք պետք է վերականգնենք պատմական արդարությունը։ Ինչպե՞ս է մեր միջավայրն այս ուղերձներն ընկալում։ Մենք անընդհատ ասում ենք՝ Ադրբեջանը ոնց է ընկալում, Թուրքիան ոնց է ընկալում, իսկ ինչի՞ հարց չենք տալիս՝ Վրաստանը ո՞նց է ընկալում»,- ասաց Փաշինյանը։
Նա առաջարկեց, որ ինքներս մեզ հարց տանք, թե ինչու, օրինակ, Վրաստանը պաշտպանական խորը հարաբերություններ ունի Ադրբեջանի հետ, իսկ մեր երկրի հետ՝ ոչ։
«Կարո՞ղ է սա կապ ունենալ այն ուղերձների հետ, որ մենք դրել ենք մեր պետության հիմքում»,- հռետորական հարց հնչեցրեց Փաշինյանը։
Վարչապետի կարծիքով, եթե մեր պետական քաղաքականության հիմքում դրվի ԼՂ ազգային խորհրդի և Հայաստանի Գերագույն խորհրդի որոշումը Ղարաբաղի և Հայաստանի վերամիավորման մասին, նշանակում է՝ խաղաղություն երբեք էլ չենք ունենա։
«Սա քաղաքական ընտրության հարց է։ Եթե այո, նշանակում է՝ մենք խաղաղություն երբեք չենք ունենա։ Ավելին, սա նշանակում է, որ մենք հիմա կունենանք պատերազմ»,- պնդում է Փաշինյանը։
Ըստ նրա՝ երբ մենք խոսում ենք տնտեսության զարգացման, բանակի հզորացման մասին, նշանակում է՝ մենք գնում ենք մեր հռչակագրի դրույթներն իրագործելու։
«Սա նշանակում է, որ մեր հարևանները դաշինք են ձևավորելու մեզ ոչնչացնելու համար, որովհետև մենք հռչակել ենք, որ առնվազն թեմա ունենք իրենց հետ»,- ասաց Փաշինյանը։
Նա կարծում է, որ երբ պետական քաղաքականությունից դուրս բերվեն վերը նշված կետերը, զենք ներմուծելիս էլ խնդիր չենք ունենա։