Ալեն Սիմոնյանի եղբոր կինը՝ Անի Գևորգյանը, երկու ամսով կալանավորվեց:
Այդ մասին լրագրողների հետ զրույցում ասաց Գևորգյանի փաստաբան Մուշեղ Ալեքսանյանը:
«Դատարանը Անի Գևորգյանին նախնական երկու ամսով կալանք է նշանակել:
Որոշումը դեռ պատրաստ չէ, քաղվածքի տեսքով է: Որոշումը ստանալուն պես այն բողոքարկվելու է վերաքննիչ դատարանում »,-ավելացրեց պաշտպանը:
Ալեքսանյանը նշեց, որ Անի Գևորգյանը մեղադրվում է պոշտոնական լիազորությունները չարաշահելուն օժանդակելու մեջ. «Բոլոր մեղմացուցիչ հանգամանքներն անտեսվել են: Անի Գևորգյանն ունի երկու անչափահաս երեխա ՝ 2 և 4 տարեկան »:
Հիշեցնք, որ երեկ ուշ երեկոյան Քննչական կոմիտեն ձերբակալել է ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի եղբոր՝ Կառլենի կնոջը՝ Անի Գևորգյանին։ Ինչպես նշել է նրա փաստաբան Մուշեղ Ալեքսանյանը, պաշտպանական կողմի համոզմամբ, տեղի է ունեցել թյուրիմացություն, միջադեպը կապված է Գևորգյանի՝ «Սիներջի» ընկերությունում աշխատանքի հետ։ Կազմակերպությունը համագործակցել է Էկոնոմիկայի նախարարության հետ, որտեղ էլ երեկ ձերբակալություններ ու խուզարկություններ էին ընթանում։
«Շատ մանրամասներ չեմ կարող այս պահին ասել` նախաքննական գաղտնիքից ելնելով։ Ընդամենը կարող եմ ասել, որ թյուրիմացություն է, և շատ շուտով ամեն ինչ պարզ կլինի: «Ասֆալտի տենդերի» հետ այս ամենը կապ չունի, այլ իր՝ «Սիներջի» ընկերությունում իրականացրած գործունեության հետ, որտեղից էլ 1 տարի առաջ դուրս է եկել»,- մանրամասնել է փաստաբանը: