Shamshyan.com-ի տեղեկություններով, երեկ՝ հունվարի 30-ին, ժամը 22:00-ի սահմաններում ՀՀ ՆԳՆ ոստիկանության Պարեկային ծառայության Կոտայքի մարզի գումարտակի ծառայության տեսուչ Կառլեն Բաղյանն ու նույն գումարտակի 2-րդ վաշտի հրամանատար Դավիթ Հովհաննիսյանը օպերատիվ տեղեկություններ էին ստացել, որ Երևան-Սևան ավտոճանապարհով ընթացող Mercedes G մակնիշի ավտոմեքենայի վարորդի մոտ հնարավոր է՝ զենք-զինամթերք լինի:
Կարճ ժամանակում Կ. Բաղյանն ու Դ. Հովհաննիսյանը ուղևորվում են Երևան-Սևան ավտոճանապարհ, և նշված ճանապարհի 10.5 կմ հատվածում նկատում են «յաշիկը», և կանգնեցնում այն:
Պարզվում է, որ ստացված օպերատիվ տվյալները հավաստի էին, և նրա ավտոմեքենայում հայտնաբերվում է օպտիկական սարք, ձեռքի պայուսակում՝ թվով 13 մարտական փամփուշտներ:
Վարորդը՝ Արցախի Հանրապետության քաղաքացի 43-ամյա Էդուարդ Հարությունյանը հանցանք կատարելու անմիջականորեն ծագած հիմնավոր կասկածի առկայության պատճառով ձերբակալում և տեղափոխում են ոստիկանության Կոտայքի բաժին:
Գ. Շամշյանի տեղեկություններով՝ կասկածյալը խոստովանում է, որ Զինված ուժերում օգտագործվող օպտիկական սարքն ու մարտական փամփուշտները ինքը բերել է Արցախից, իսկ ատրճանակը, որը որպես պարգևատրություն իրեն է տվել Արցախի Հանրապետության նախկին նախագահ Արայիկ Հարությունյանը, թողել է Արցախում:
Դեպքի փաստով Աբովյանի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ: