ՀՀ սնանկության դատարանի դատավորը կալանավորվել է 150 հազար դոլար կաշառք ստանալու համար։ Այս մասին հայտնում է ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեն։
Նախաքննությամբ պարզվել է, որ տվյալ դատավորը սնանկության գործով իր կայացրած վճռով ընկերությանը ճանաչել է սնանկ, որից հետո կազմակերպվել է նշված ընկերության գույքը հրապարակային աճուրդով վաճառելու գործընթաց:
2022 թ. մարտին կայացած աճուրդում հաղթող ճանաչված ընկերությունը սահմանված ժամկետում չի կատարել անհրաժեշտ վճարումները։ Բաց թողնված ժամկետը վերականգնելու, աճուրդով սահմանված գումարը վճարելու և գույքը ընկերության անունով գրանցելու նպատակով ընկերության ներկայացուցիչները դիմել են սնանկ ճանաչված ընկերության սնանկության գործով կառավարչին:
Սնանկության գործով կառավարիչը 2023 թ. նոյեմբերի 10–ին Երևանի սրճարաններից մեկում հանդիպել է դատավորին և առաջարկել կաշառքի դիմաց դատական ակտով հաղթած ընկերությանը հնարավորություն տալ վերականգնելու բաց թողնված ժամկետը և կատարելու վճարումները, որից հետո գույքի նկատմամբ գրանցել սեփականության իրավունք:
Այդ գործն անելու համար դատավորը սկզբնական փուլի համար պահանջել է 20.000 ԱՄՆ դոլար, իսկ գործն ավարտին հասցնելու համար` 150.000 ԱՄՆ դոլար կաշառք: Կողմերը համաձայնել են մաս–մաս տալ այդ գումարը:
ՀՀ գլխավոր դատախազը 2023 թ. դեկտեմբերի 14–ին դիմել է ՀՀ բարձրագույն դատական խորհուրդ՝ դատավորի նկատմամբ հանրային քրեական հետապնդում հարուցելու, դատավորին ազատությունից զրկելու վերաբերյալ համաձայնություն տալու միջնորդությամբ: Նույն օրը դատավորին և նրան օժանդակած սնանկության գործով կառավարչին մեղադրանք է ներկայացվել ՀՀ քրեական օրենսգրքի մի շարք հոդվածներով: Մեղադրանքներ են ներկայացվել նաև ընկերության բաժնետերերին և նրանց ներկայացրած անձին առանձնապես խոշոր չափերով կաշառք տալու համար:
Դատավորի և սնանկության գործով կառավարչի նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանքը: Վարույթի նյութերն ուղարկվել են դատարան՝ ըստ էության քննելու համար: