«Հրապարակ» թերթը գրում է. «Օրերս Սաշա Կատվալյանը նշանակվեց «Երեւանի աղբահանություն եւ սանիտարական մաքրում» հիմնարկի տնօրեն՝ փոխարինելով Բագրատ Աղաջանյանին, ով հունվարի 26-ին ազատվել է «ձնամաքրման աշխատանքները պատշաճ չկատարելու» պատճառով։ Այս նշանակումն իշխանական շրջանակներում տարաբնույթ խոսակցությունների թեմա է դարձել։
Նա պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի համակուրսեցին է, նաեւ մտերիմ է Ավինյանի հետ: Նրան Մալաթիա-Սեբաստիա համայնքի ղեկավարի պաշտոնից ազատեցին 2022-ի հոկտեմբերին` զոհվածների ծնողներին քարշ տալով Եռաբլուրից հեռացրած ոստիկաններին քննադատելու համար: Հետո Կատվալյանն Ավինյանի խորհրդական նշանակվեց եւ ազատվեց անցած տարեվերջին, երբ նրա անունը կրկին հայտնվեց մամուլի տեսադաշտում։
Իրավապահները բերման էին ենթարկել Մալաթիա-Սեբաստիայի նախկին թաղապետ, ՔՊ-ական Արման Բարխուդարյանին եւ թաղապետարանի այլ պաշտոնյաների՝ գնումների գործընթացը ոչ պատշաճ կատարելու կասկածով: Տեղեկություններ կային, որ կասկածյալների ցանկում է նաեւ Սաշա Կատվալյանը: Դրանից օրեր անց նա ազատվեց խորհրդականի պաշտոնից, իսկ օրերս նշանակվեց քաղաքի աղբահանության տնօրենի պաշտոնին:
Ըստ որոշ լուրերի, այս նշանակումը վատ է ընդունվել մի շարք ՔՊ-ականների, այդ թվում` Նիկոլ Փաշինյանի կողմից։ Ոմանք կարծում են, որ Ավինյանը փորձում է թիմակիցների հետ լավացնել հարաբերությունները եւ չի մերժել Սուրեն Պապիկյանի խնդրանքը: Իսկ Պապիկյանի հետ անջրպետ էր առաջացել ՔՊ վարչության հայտնի ընտրություններից հետո»: